6 սեպտեմբերի 2013 - 11:58 AMT
Բարաք Օբաման որոշել է Սիրիայի դեմ պատերազմում ավիացիան օգտագործել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պահանջել է Պենտագոնից ավելացնել նշանակետերի քանակը ամերիկյան և ֆրանսիական զորքերի կոալիցիայի հարվածի համար Սիրիայի տարածքում, ինչպես նաև ուսումնասիրել այդ գործողությանը ՌՕՈւ մասնակցության հնարավորությունը, գրում է The New York Times-ը՝ Սպիտակ տանը իր աղբյուրների վրա հղումով:

Խոսքը գնում է ֆրանսիացի զինվորականների նախապես կազմած 50 սիրիական օբյեկտների ցուցակին, որոնք ենթակա են ռմբակոծման: Խուսափելու համար անկանխատեսելի հետևանքներից, նախատեսվում է խուսափել հարվածներից, որոնք կարող են վտանգել քիմիկան զենքի պահպանման վայրերը, որի կիրառումը պատրվակ դարձավ գործողության համար:

Կոալիցիայի նպատակակետերը կարող են դառնալ Սիրիայի բանակի զորամասերը, որոնք իբր, պատասխանատու են քիմիական գրոհի համար, այն ծրագրած շտաբային ստորաբաժանումները, ինչպես նաև հրթիռային ու հրետանային գումարտակները: Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի պետ Մարտին Դեմփսին հայտարարել է, որ պոտենցիալ նպատակակետեր են նաև ՀՕՊ կայանները, որոնք դիտարկվում են որպես քիմիական զենքի պաշտպանության միջոց:

Սպիտակ տունը բարձրացրել է գործողությանը ԱՄՆ ու Ֆրանսիայի ռազմական ինքնաթիռների մասնակցության հարցը կոնկրետ նպատակներ խոցելու համար: Ավելի վաղ նախատեսվում էր, որ հարվածները Սիրիային կհասցնեն թևավոր հրթիռները՝ ԱՄՆ ՌԾՈւ միջերկրածովյան ռազմակայանից: Անցած շաբաթ Օբաման Սիրիայում ռազմական գործողության հարցը ներկայացրեց Կոնգրեսի հաստատմանը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ եթե ամերիկյան օրենսդիրները հավանություն չտան այդ նախաձեռնությանը, Փարիզը կմասնակցի ռազմական գործողություններին միայնակ:

Մինչդեռ ԱՄՆ-ին հրապարակավ սատարում են Ավստրալիան, Ալբանիան, Կանադան, Դանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Ռումինիան, Թուրքիան և Կոսովոն: Սաուդյան Արաբիան, Քաթարն ու ԱՄԷ առաջարկել են ֆինանսավորել ռազմական գործողությունը Սիրիայում: