6 սեպտեմբերի 2013 - 15:56 AMT
ԱԱԽ քարտուղար. ՄՄ մտնելու որոշումը եվրոպացի գործընկերներից գաղտնի չի պահվել

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսի հիմնական թեման, ինչպես և սպասվում էր, Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունն էր: ԱԱԽ քարտուղարի խոսքով՝ մեր երկրի այդ որոշումը գաղտնի չի պահվել ու եվրոպացի գործընկերները «գուցե և ոչ դետալային», բայց այդ մասին տեղյալ են եղել:

Դեպի Եվրոպա, ինչպես նաև Մաքսային միության անդամ-երկրներ, Հայաստանից արտահանվող ապրանքատեսակների մասով, Բաղդասարյանի ներկայացմամբ, կշեռքի նժարը թեքվում է դեպի ՄՄ: Այս կոնտեքստում ԱԱԽ քարտուղարը խոսել է նաև Ռուսաստանում ապրող հայերի քանակի (մոտ 2.5 մլն) ու ամենակարևորը՝ մեր երկրում անվտանգության հարցում ՌԴ դերի մասին, գրում է tert.am.

«Մեր երկրի շահերից է բխում հզորացնել անվտանգությունը, որտեղ Ռուսաստանը մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա, պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, իսկ ստորագրված այդ փաստաթղթում Մոսկվան ստանձնում է այդ պարտավորությունը. նոր ձեռնարկություններ ու աշխատատեղեր կլինեն, ինչին շատ երկար չենք սպասի, կլինեն կոնկրետ խոշոր ծրագրեր, որոնց շուրջ կան պայմանավորվածություններ»։

Այնուամենայնիվ, Հայաստանը պետք է փորձի շարունակել քաղաքական գործակցությունը Եվրամիության հետ, այսինքն՝ «կյանքի կոչել ասոցացումը», ու ՀՀ-ն պատրաստ է արդեն նոյեմբերին նախաստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: Ի դեպ, նա նկատել է, որ մուտքը Մաքսային միություն չի խանգարի ԵՄ-Հայաստան քաղաքական ասոցացմանը:

Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հետ կապված բանակցություններն այժմ շարունակվում են:

«Իրանական կողմն արդեն պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորելու երկաթուղու իր հատվածը»,- ասել է նա՝ հավելելով, որ ներդրողների ներգրավման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում՝ մինչև Իրանի հետ սահմանի հատվածի ֆինանսավորումն ապահովելու համար, փոխանցում է «Այսօր»-ը: Նա հայտնել է, որ այդ առումով հետաքրքրված են ռուսական, իրանական և չինական ընկերությունները:

«Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մասամբ ֆինանսավորելու նաև Հայաստանի տարածքով անցնող երկաթգիծը»,- ասել է նա: