Միխայիլ Բելեցկի. Հայաստանն ու Ուկրաինան նույն իրավիճակում են

Միխայիլ Բելեցկի. Հայաստանն ու Ուկրաինան նույն իրավիճակում են

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը, հիշեցնում է, որ այդ առումով Հայաստանն ու Ուկրաինան նույն իրավիճակում են: Նման հայտարարություն է արել ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Բելեցկին:

«Երկու երկրները, մի կողմից, Ռուսաստանի հետ սերտ պատմական ու տնտեսական կապեր ունեն, մյուս կողմից՝ հակված են եվրոպական արժեքներին և կողմնորոշվում են այդ ուղղությամբ (առնվազն բառացի): Երկու երկրներում հասարակական կարծիքը կիսվել է՝ մի մասը գերադասում է Ռուսաստանի հետ մերձեցումը, մյուսը՝ Եվրոպայի: Եվ, վերջապես, երկու երկրները ճնշման են ենթարկվում երկու կողմից՝ և ԵՄ, և Ռուսաստանի, փորձելով յուրաքանչյուրին համոզել, որ հենց իր հետ միությունն է առավելություն տալիս և հնարավոր չէ «նստել երկու աթոռի վրա»,- ասել է նա:

Ըստ Բելեցկու, երկու երկրների համար էլ դեպի Արևմուտք միակողմանի կողմնորոշումը և Ռուսաստնի հետ հարաբերությունների սառեցումը սպառնում է լուրջ կորուստներով: «Բայց այդ կորուստների լրջության աստիճանը տարբեր է: Ուկրաինայի համար իրական հետևանքը ծայրահեղ դեպքում կարող է լինել տնտեսության գրեթե ամբողջական փլուզումը, ինչը հետո շտկելու համար երկար տարիներ կպահանջվեն: Հայաստանի համար դրանք կարող են լինել ոչ միայն տնտեսական կուրուստներ, այլև ավելի սարսափելի բան՝ հայկական երկրորդ, թեև չճանաչված, պետության՝ Լեռնային Ղարաբաղի ոչնչացում, այսինքն, դա կնշանակի հարյուր հազարավոր հայերի հանձնում օտար և, հաշվի առնելով այսօրվա իրողությունները, ագրեսիվ տրամադրված և ռևանշի ձգտող պետության: Այդպիսով, Հայաստանն այլ ելք չուներ, քան ամրապնդել դաշինքը Ռուսաստանի հետ, որն այժմ Հայաստանի միակ իրական դաշնակիցն է և տարածաշրջանում խաղաղության երաշխավորը:

Արդյունքում, այսօրվա դրությամբ Ուկրաինան ու Հայաստանը, դեռ փորձելով երկկողմ կողմնորոշման քաղաքականություն վարել, գնացին տարբեր ճանապարհներով: Ուկրաինան որպես «գլխավոր ուղղություն» ընտրեց Եվրամիությունը, նրա հետ Ասոցացման և Առևտրի ազատ գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագրի կնքումը, թեև արդեն առանց անդամակցության հեռանկարների մասին խոսակցությունների: Ընդ որում, իշխանությունները հուսով են, որ կպահպանեն տնտեսական կապերը ԱՊՀ երկրների հետ, ԱՊՀ շրջանակում ԱԱԳ-ի և ՄՄ հետ կապի ինչ-որ ձևեր կգտնեն:

Հայաստանի համար հակառակը՝ «գլխավոր ուղղությունը» կլինի կապը Ռուսաստանի հետ և անդամակցությունը Մաքսային միությանը նրա հովանու ներքո՝ հուսալով պահպանել բավականին սերտ կապերը Եվրամիության հետ: Ժամանակը ցույց կտա, թե որ ընտրությունն է ավելի լավ հեռանկար խոստանում»,- ասել է ուկրաինացի քաղաքագետը, գրում է AnalitikaUA.net-ը: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Ավելին, ԵՄ դիվանագիտության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ «Եվրամիությունը պարզաբանումներ է ակնկալում պաշտոնական Երևանից Ռուսաստանի նախաձեռնած ՄՄ Հայաստանի անդամակցելու որոշման մասին»: «Մենք ակնկալում ենք հայկական կողմի բացատրությունները, և հետո կկարողանանք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,- ասել էր Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը Վիլնյուսում կնախաստորագրվի: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: «Մենք ի գիտություն ենք ընդունում Մաքսային միությանը միանալու Հայաստանի ակնհայտ ցանկությունը: Մենք շտապում ենք խորամուխ լինել Հայաստանի մտադրությունների մեջ, այդ որոշման համատեղելիությունը Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերով ստանձնվող պարտավորությունների հետ ապահովելու համար: Այդ խորհրդակցություններից հետո եզրակացություններ կանենք մեր հետագա գործողությունների համար: Ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) հիմք են հանդիսանում բոլորի համար շահավետ բարեփոխումների համար, ոչ թե զրոյական արդյունքով խաղ են, և կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»,- ասված էր Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---