9 սեպտեմբերի 2013 - 13:57 AMT
Ֆլորիդան ներկայացնող կոնգրեսականը ստորագրահավաք է նախաձեռնել Սիրիայում պատերազմի դեմ

Ֆլորիդան ներկայացնող կոնգրեսական Ալան Գրեյսոնը ստորագրահավաք է նախաձեռնել Սիրիայում պատերազմի դեմ: «Մենք արդեն հետաձգել ենք ներխուժումը Սիրիա և ստիպել ենք նախագահին խնդրել Կոնգրեսի թույլտվությունը: Հաջորդ քայլը պատերազմը կանխելու գործում կլինի պատերազմ սկսելու Կոնգրեսի մերժումը: Ստորագրեք խնդրագիրը և ես այն կփոխանցեմ Կոնգրեսի անդամներին: Ձեր կարծիքը կարևոր է»,-հայտարարել է կոնգրեսականը:

Խնդրագրում ասվում է. «ԱՄՆ վարչակազմը դիտարկում է ռազմական միջամտության հարցը Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին: Մենք դեմ ենք դրան: ԱՄՆ-ն այնտեղ չունի կենսական նշանակության հարցեր: Մենք համաշխարհային ժանդարմ չենք, ոչ էլ դատավոր կամ ատենակալ, մեր սեփական խնդիրները Ամերիկայում պակաս չեն:

Պատերազմի արդյունքում կարող են խաղաղ բնակիչներ զոհվել: Քաղաքացիական պատերազմը ափսոսանքի է արժանի, սակայն մեզ վրա ոչ ոք չի հարձակվել, ինչպես և մեր դաշնակիցների: Բրիտանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել ռազմական հարվածին: Ոչ ոք չի ցանկանում, որ ԱՄՆ-ն միջամտի հակամարտությանը Սիրիայում, բացառությամբ ռազմա-արդյունաբերական համալիրի ներկայացուցիչների: Ես դեմ եմ ԱՄՆ ռազմական միջամտությանը, միացեք ինձ»,-ասվում է խնդրագրում:

Արաբական հանրապետությանը հարված հասցնելու առաջարկով հանդես եկավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, երբ օգոստոսի 21-ին սիրիացի ընդդիմադիրները հայտարարեցին կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին: Սիրիայի գծով բանաձևի նախագիծը արդեն քննարկման է ընդունվել Սենատում:

Կոնգրեսականները դեռ չեն կողմնորոշվել՝ Օբամայի բանաձևին սատարում է 22 սենատոր և 19 կոնգրեսական: Սեպտեմբերի 11-ին նշանակված քվեարկությունը հետաձգվել է մեկ շաբաթով: Ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել էր Սիրիայում ռազմական միջամտությանը հավանաություն տվող բանաձևի նախագիծը: Նախագահ Օբամային նախաձեռնությանը սատարեցին կոմիտեի 10 անդամներ, 7-ը դեմ քվեարկեցին, մեկը ձեռնպահ մնաց: Ռազմական գործողությանը ժամկետը սահմանափակված է 60 օրով, մեկ ամսով այն երկարացնելու հնարավորությույամբ: Փաստաթղթով նաև արգելվում են ցամաքային գործողությունները: