9 սեպտեմբերի 2013 - 15:07 AMT
Իրակլի Ալասանիա. Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 2014թ. անիրատեսական է

Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 2014թ., ինչը հնարավոր էր համարում նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, անիրատեսական է, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ռուսական «Կոմերսանտ Վլաստ» ամսագրին տված հարցազրույցում:

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը քննարկվել է 2012թ. մայիսին Չիկագոյում կայացած գագաթաժողովում: Կազմակերպության անդամ երկրները պայմանավորվել են «հզորացնել Վրաստանի կապը Դաշինքի հետ, այդ թվում քաղաքական երկխոսությունը, գործնական համագործակցությունը Վրաստանի հետ»: Միևնույն ժամանակ, և ՆԱՏՕ-ն, և ԱՄՆ-ն վերջին տարիներին հայտարարում են, որ պատրաստ են աջակցել քաղաքական երկխոսությանը, բայց չեն շտապելու անդամակցության հարցում:

Նախարարը նաև նշել է, որ Վրաստանը պետք է ավարտի աֆղանական առաքելությունը 2014 թվականին: Առաքելության ավարտից հետո Վրաստանի զինված ուժերն, ըստ նրա, «պատրաստ են մասնակցել ՆԱՏՕ-ի մյուս գործողություններին»: «Արդեն շուտով, 2015թ. մենք կդառնանք ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մի մասը, դա ևս մեծ փորձառություն կլինի մեզ համար: Մենք արդեն սկսել ենք բանակցությունները ԵՄ հետ, և մեր զինվորականները շուտով կդառնան եվրոպական միջազգային գործողությունների մասը»,-ասել է Ալասանիան:

Վրացական զորակազմը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Աֆղանստանում ISAF ուժերի կազմում 2009թ. օգոստոսից: Այդ երկրում 29 վրացի զինծառայող է զոհվել: Ըստ ՊՆ տվյալների, Աֆղանստանում ծառայում է շուրջ 1,5 հազար վրացի զինծառայող: