22 մարտի 2006 - 19:30 AMT
«Լոս Անջելես Թայմս». ԱՄՆ Պետդեպարտամենտը վաղուց է խուսափում «ցեղասպանություն» բառից` հարգելով Թուրքիային
Ժամանակն է դադարել քայլել ոտնաթաթերի վրա Ցեղասպանության հարցում եւ համաձայնվել կայացած պատմական տեսակետին: Ցեղասպանություն, ըստ ՄԱԿ-ի ընդունված սահմանման, նշանակում է «ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական համայնքը ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրություն»: Հայաստանը նույնիսկ չի կարելի դասել կասկածելի դեպքերին: Այդ մասին ասվում է «Լոս Անջելես Թայմսում» հրապարակված «Դա ցեղասպանություն էր» հոդվածում: Հոդվածի հեղինակը անդրադառնում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հնարավոր ետ կանչմանը, «մեղադրելով» նրան այն բանի համար, որ 2005 թվականի փետրվարին Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա ճանաչել է 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը: «Պատժել դեսպանին այն բանի համար, որ նա ազնվորեն է արտահայտվել 90 տարի առաջ կատարված ոճրագործության մասին, սազական է միայն ցինիկ, երկերեսանի միապետությանը, սակայն պատշաճ չէ ազատ աշխարհի առաջնորդին: Երբեւէ երկիրը, որը հիմնադրվել է որպես իր օտտոմանյան անցյալի հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող երկիր, ստիպված կլինի շիտակ նայել պատմությանը` իր առնականացման վաղուց արդեն ուշացած գործընթացի շրջանակներում: Մենք հուսով ենք, որ մինչ այդ նույնը ստիպված կլինի անել նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտը: ԱՄՆ Պետդեպարտամենտը վաղուց է խուսափում «ցեղասպանություն» բառից` ընդ որում ոչ թե պատմության հետ համաձայն չլինելու պատճառով, այլ հարգելով Թուրքիային, որի անդամակցումը ՆԱՏՕ-ին եւ դիրքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ դարձնում են նրան Ամերիկայի ռազմավարական դաշնակիցը»,-գրում է «Լոս Անջելես Թայմսը»: