9 սեպտեմբերի 2013 - 17:01 AMT
Ջոն Քերի. Սիրիական հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում ռազմական միջամտությունից հնարավոր կլինի խուսափել, եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային հանրությանն անցնի քիմիական զենքի վերահսկողությունը, հայտնում է Reuters գործակալությունը:

Ինչպես հայտնել է Քերին, ԱՄՆ ղեկավարությունը գտնում է, որ սիրիական հակամարտության լուծումը բացառապես քաղաքական կարող է լինել: «Ռազմական ճանապարհ ուղղակի չկա, մենք պատրանքներ չունենք այս հարցում»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը իր բրիտանացի գործընկեր Ուիլյամ Հեյգի հետ բանակցություններից հետո: Սակայն Քերին ենթադրում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հազիվ թե համաձայնվի կատարել այդ պայմանը:

Ուիլյամ Հեյգը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կարող է հուսալ, որ կստանա Լոնդոնի լիակատար դիվանագիտական աջակցությունը: Չնայած այն հանգամանքին, որ բրիտանական խորհրդարանը հրաժարվել է մասնակցել Սիրիայի դեմ ռազմական գործողությանը:

Այս շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենան լսումներ և քվեարկություն Սիրիայի դեմ հարվածների նպատակահարմարության վերաբերյալ: Ընդ որում նախագահը չի շտապում պատասխանել այն հարցին, թե պատրաստ է նա արդյոք հրահանգել գործողության մեկնարկը, եթե Կոնգրեսն այնուամենայնիվ դեմ արտահայտվի: ԱՄՆ դիրքորոշումը սիրիական հարցի վերաբերյալ կիսում են «Մեծ քսանյակի» 10 երկրներ: Նրանք պատրաստ են գործողութանը մասնակցել նույնիսկ առանց ՄԱԿ ԱԽ որոշման:

Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման օրենսդիրներին հարցում ուղարկեց՝ ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով: Ըստ բանաձևի նախագծի, Պենտագոնի խնդիրը լինելու է զրկել սիրիական ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու հնարավորությունից: Փաստաթղթի նախագծում ռազմական գործողության անցկացումը հիմնավորվում է նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները խախտում են միջազգային նորմերը, մասնավորապես, քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ու ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ հակամարտության կարգավորումը Սիրիայում կարող է միայն քաղաքական լինել: