10 սեպտեմբերի 2013 - 10:01 AMT
Բարաք Օբամա. Դեռևս չենք գնդակոծի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան մի շարք հեռուստաընկերություններին հարցազրույց է տվել, որտեղ պատմել է՝ ինչ է մտածում Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ ՌԴ առաջարկության մասին, արդյոք ԱՄՆ-ն վախենում է հնարավոր ռազմական հարձակման դեպքում Բաշար Ասադի պատասխան քայլերից, ու արդյոք ռազմական գործողության մասին որոշում կկայացվի, եթե ԱՄՆ Կոնգրեսը դեմ քվեարկի:

Երեկ ՌԴ ԱԳՆ-ն սիրիական կողմին արաջարկել էր փոխանցել քիմիական զենքը միջազգային հսկողության տակ, հաշվի առնելով, որ դա կօգնի խուսափել ռազմական գործողությունից: Դամասկոսում այդ նախաձեռնությունն արդեն ողջունել են:

Օբաման դեռ չի որոշել՝ կհրամայի Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսել, եթե Կոնգրեսը դեմ քվեարկի, թե՝ ոչ: Նախագահի խոսքով, նա «համոզված չէ», որ ամերիկացի օրենսդիրները կքվեարկեն Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին բանաձևի օգտին:

Սենատը պետք է բանաձևը քվեարկության դնի սեպտեմբերի 11-ին, իսկ ներկայացուցիչների պալատը՝ մյուս շաբաթ: Ինչպես հայտնում է AP-ն, որոշումը կայացվել է, քանի որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին քննարկումները դեռ ընթանում են:

Սիրիայում արդեն 2 տարի է՝ քաղաքացիական պատերազմ է: Այս ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, 100 հազար մարդ մահացել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ երկրի ներսում տեղափոխված անձինք են:

ԱՄՆ-ն Բաշար Ասադին մեղադրում է խաղաղ քաղաքացիների հանդեպ քիմիական զենքի կիրառման մեջ ու պատրաստվում է «պատժել» Սիրիայի նախագահին: Օգոստոսի 30-ին Բարաք Օբաման դիմել էր Կոնգրեսին՝ Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին որոշումը հաստատելու համար: Բայց արդեն այսօր ԱՄՆ-ում արդեն սկսել են խոսել խնդրի քաղաքական կարգավորման մասին: