10 սեպտեմբերի 2013 - 10:39 AMT
Սիրիան չի կարող լրջորեն սպառնալ ԱՄՆ-ին, գտնում է Օբաման

Սիրիայի նախագահը չի կարող լրջորեն սպառնալ ԱՄՆ-ին պատասխան հարվածով Սիրիայում ռազմական միջամտության դեպքում: Բաշար Ասադը «կարող է սպառնալ երեխաներին, կարող է սպառնալ ընդդիմությանը, որը նախկինի պես ինքնակազմակերպվող է և իր շարքերում պրոֆեսիոնալներ չունի, բայց Միացյալ Նահանգներին լրջորեն սպառնալու միջոցներ նաչունի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում: «Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն հնարավոր է համարում, որ Իրանն ու «Հեզբոլլահը» կարող են ոչ համարժեք պատասխան տալ Սիրիայում ռազմական գործողությունների դեպքում, սակայն մենք վստահ ենք, որ նրանք դժվար թե նման քայլի դիմեն»,- ասել է նա:

Նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է պատասխան քայլեր ակնկալեն և պարտադիր չէ, որ դա լինի սիրիական կառավարության կողմից:

Ավելի վաղ Իրանը հերքել էր հաղորդագրություններն այն մասին, որ նախապատրաստվում է գրոհել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում ռազմական գործողության դեպքում:

Նախօրեին ռուսական ԱԳՆ-ն առաջարկեց սիրիական կողմին իր քիմիական զենքը հանձնել միջազգային հսկողության, ինչը թույլ կտա խուսափել ռազմական միջամտությունից: Դամասկոսն արդեն ողջունել է այդ նախաձեռնությունը:

Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում մի քանի անգամքիմիական զենքի կիրառման մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում, երբ 1400 մարդ զոհվեց: Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնին քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ:

Քանի դեռ ԱՄՆ Կոնգրեսն ու նախագահը փորձում են որոշում կայացնել, ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են անցնում Սիրիայում ռազմական գործողություն սկսելու դեմ: Ըստ հասարակական կարծիքի հարցումների, միջամտությանը կողմ է ամերիկացիների ընդամենը 20-30 տոկոսը: Օգոստոսի վերջում ասվում էր, որ Օբամայի վարկանիշը նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի: Հատկապես թույլ է աջակցությունը նախագահին արտաքին քաղաքական հարցերում: