10 սեպտեմբերի 2013 - 10:30 AMT
Սիրիայում ռազմական միջամտությունն արտոնող բանաձևի քվեարկությունն ԱՄՆ Սենատում հետաձգվել է

Սիրիայում ռազմական միջամտությունն արտոնող բանաձևի քվեարկությունը ԱՄՆ Սենատում հետաձգվել է: Այս որոշումը նախաձեռնել է Սենատի մեծամասնության առաջնորդ Հարի Ռեյդը: Ինչպես գրում է Associated Press-ը, դա պայմանավորված է նոր հանգամանքներով, մասնավորապես` սիրիական քիմիական զենքի վրա միջազգային հսկողություն սահմանելու Ռուսաստանի առաջարկով:

Ավելի վաղ սպասվում էր, որ Սենատի անդամները կքվեարկեն սեպտեմբերի 11-ի բանաձևի վերաբերյալ: Դրանից հետո փաստաթուղթը պետք է ներկայացվեր Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Թե երբ կլինի քվեարկությունը, անհասկանալի է: Սակայն, հավանաբար, դա տեղի կունենա մինչև շաբաթվա վերջը:

Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման օրենսդիրներին հարցում ուղարկեց՝ ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով: Ըստ բանաձևի նախագծի, Պենտագոնի խնդիրը լինելու է զրկել սիրիական ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու հնարավորությունից: Փաստաթղթի նախագծում ռազմական գործողության անցկացումը հիմնավորվում է նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները խախտում են միջազգային նորմերը, մասնավորապես, քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ու ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը:

Երեկ ՌԴ ԱԳՆ-ն սիրիական կողմին արաջարկել էր փոխանցել քիմիական զենքը միջազգային հսկողության տակ, հաշվի առնելով, որ դա կօգնի խուսափել ռազմական գործողությունից: Դամասկոսում այդ նախաձեռնությունն արդեն ողջունել են:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է` շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 100 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում քիմիական զենք մի քանի անգամ կիրառելու մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում:

Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնի վրա քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ: