11 սեպտեմբերի 2013 - 11:14 AMT
ԱՄՆ Կոնգրեսի հունական խմբի համանախագահները սատարում են Հայոց ցեղասպանության մասին բանաձևին

ԱՄՆ Կոնգրեսի հունական խմբի համանախագահներ Մայքլ Բիլիրակիսը և Քերոլին Մելոնին սատարում են Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին հանուն ճշմարտության ու արդարության (H.Res.227): Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին ու նշել է. «Միանում ենք հայ-հունական կոալիցիայի մեր գոևծընկերներին ու հուսով ենք, որ բանաձևը կընդունվի, ինչպես նաև Թուրքիայի հանդեպ արդարություն կհաստատվի, որը մեղավոր է հայերի, հույների, ասորիների ու այլ քրիստոնեա ազգերի ցեղասպանությունում»:

«Հույները, հայերը, ԱՄՆ մեր բոլոր համաքաղաքացիները, բոլոր նրանք, ովքեր ձգտում են ամերիկյան գաղափարներին, անհամբեր սպասում են այն օրվան, երբ պետք է Սպիտակ տունն, ի վերջո, դադարի աջակցել Անկարայի ժխտողական քաղաքականությանն ու կոչ անի թուրքական հանրությանն ու պետությանը ստանձնել այդ ոճրագործությունների բարոյական ու նյութական պատասխանատվությունը:

Բանաձևում, մասնավորապես, ասվում է, որ «Թուրքիայի Հանրապետությունը՝ չճանաչելով և հաշվի չառնելով ցավոտ անցյալը, ուժգնացրել է Հայոց ցեղասպանության ուրացման միջազգային քարոզարշավը, շրջափակման մեջ է պահում Հայաստանին, ուժեղացնում ճնշումը սակավաթիվ, բայց թափ առնող թուրքական քաղաքացիական շարժման հանդեպ, որը ճանաչում է Օսմանյան կայսրությունում քրիստոնեական ազգերի ցեղասպանությունը, որոնք ապրել են սեփական հայրենիքում»:

Տարիների ընթացքում ԱՄՆ Կոնգրես մի քանի բանաձև է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ H.Res 106, 252, 304, սակայն վերջին պահին Սպիտակ տան աշխատակազմը կասեցրել է քվեարկությունը: Ներկայացուցիչների պալատի բանաձևերն արտահայտում են կոնգրեսականների կարծիքը, բայց պարտադիր չեն կատարման համար: Դրանք զուտ խորհրդատվական բնույթ են կրում: