11 սեպտեմբերի 2013 - 13:42 AMT
Պատրիարք Կիրիլը Սիրիայում խաղաղություն հաստատելու կոչ է անում

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Իր ուղերձում ՌՈւԵ առաջնորդը կոչ է անում ԱՄՆ նախագահին ականջալուր լինել հոգևոր առաջնորդներին, որոնք դեմ են արտահայտվում ռազմական միջամտությանը Սիրիայում:

«Ռուս ուղղափառ եկեղեցին գիտի մարդկային տառապանքների ու կորուստների գինը, քանի որ մեր ժողովուրդը XX դարում երկու ավերիչ համաշխարհային պատերազմ է վերապրել…Մենք նաև որպես մերն ենք ընկալում ամերիկյան ժողովրդի ցավն ու տառապանքները, որը վերապրեց 2001 թվականի սեպտեմների 11-ի սարսափելի ահաբեկչությունը: Այդ ողբերգական իրադարձության հերթական տարելիցի շեմին դիմում եմ ձեզ կոչով՝ ականջալուր լինել հոգևոր առաջնորդների ձայնին, որոնք դեմ են արտահայտվում ռազմական միջամտությանը Սիրիայում, և նպաստել խաղաղ բանակցությունների շուտափույթ մեկնարկին»,-ասված է Օբամային հասցեագրված պատրիարքի ուղերձում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Պատրիարքը վստահ է, որ սիրիական ճգնաժամը կարող է հանգուցալուծվել համաշխարհային հանրության աջակցությամբ և կարևոր է օգտագործել բացված հնարավորությունները հակամարտության դիվանագիտական հանգուցալուծման համար, որով նախատեսվում է միջազգային հսկողությանը հանձնել քիմիակն զենքը Սիրիայում:

Այսօր ԱՄՆ Սենատը հետաձգեց քվեարկությունը Սիրիա ռազմական ներխուժման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատների առաջնորդ Հարի Ռիդը: Նախօրեին նախագահ Օբաման հայտարարել էր, որ ռազմական հարվածը Սիրիային կհետաձգվի այն դեպքում, եթե երկիրը քիմիական զենքը հանձնի միջազգային հսկողությանը: Նման առաջարկ է արել ՌԴ ԱԳՆ-ն, ԱՄՆ-ում այդ քայլը համարել են «պոտենցիալ դրական»: Վաշինգտոնում դեռ ապացուցված են համարում, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման մեղավորը կառավարությունն է: Սիրիայում արդեն 2 տարի քաղաքացիական պատերազմ է: Այս ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: