11 սեպտեմբերի 2013 - 12:28 AMT
Մոսկվան ՄԱԿ է փոխանցել ապացույցներ, որ քիմիական զենքը սիրիացի ապստամբներն են օգտագործել

Քիմիական զենք ունեն Սիրիայի տարածքում կռվող գրոհայինները, կան զենքի կիրառման ապացույցներ, որոնք փոխանցվել են միջազգային հանրությանը, հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը՝ ելույթ ունենալով Պետդումայի ընդլայնված նիստում:

Պատգամավորներն այսօր մտադիր են հայտարարություն ընդունել Սիրիայում իրավիճակի սրման վերաբերյալ:

«Հիմքեր կան կարծելու, որ քիմիական զենք ունի ոչ միայն Սիրիայի կառավարությունը, այլ նաև գրոհայինները…կան կասկածներ, որ այդ զենքը բազմիցս է օգտագործվել գրոհայինների կողմից»,-ասել է Պուշկովը:

Նա ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ընթացիկ տարվա մարտին Հալեպի արվարձանում զենք օգտագործել են գրոհայինները, մասնավորապես, դա ընդունել է նաև Կառլա դել Պոնտեն, որը Սիրիայում մարդու իրավունքների խախտման ՄԱԿ հանձնաժողովի անդամ է, գրում է «Ինտերֆաքսը»:

Խոսելով այն մասին, որ Մոսկվան ապացույցներ ունի, Պուշկովն ասել է. «Ռուսաստանը փոխանցել է եղած ապացույցները ՄԱԿ ԱԽ»:

Նախօրեին Մոսկվան առաջարկել է Դամասկոսին եղած քիմիական զենքը հանձնել միջազգային հսկողությանը, Սիրիան համաձայնվել է:

Քիմիական զենքը հսկողության հանձնելու նախաձեռնությունը երկրորդ պլան է մղել Սիրիայում ռազմական միջամտության հարցը: Դա ընդունել են Սպիտակ տանը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ըստ դեմոկրատ սենատորների, նրանք այն կարծիքի են, որ առաջացել է խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորություն:

Նախօրեին նախագահ Օբաման հայտարարեց ԱՄՆ-ին ուղղված հեռուստաուղերձում, որ ԱՄՆ-ն չի միջամտի Սիրիայի քաղաքացիական պատերազմին: «Ես դեմ էի ռազմական գործողություններին, քանի որ մենք չենք կարող ուժի կիրառմամբ դադարեցնել օտարների քաղաքացիական պատերազմը»,-ասել է Օբաման:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ հարվածը Սիրիային, որը կկանխի քիմիական զենքի կիրառումը, բխում է ԱՄՆ շահերից: «Դա իմ գնահատականն է որպես գլխավոր հրամանատարի»,- նշել է նախագահը՝ հաստատելով, որ Վաշինգտոնը չի կասկածում օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական գրոհում սիրիացի ղեկավարների մասնակցությանը: «Սիրիայի տարածք զորքեր չեմ ուղարկի, դեռևս անորոշ ժամկետով, բայց ռազմական գործողություններ չեմ կազմակերպի, ինչպես Իրաքում ու Աֆղանստանում, ինչպես նաև երկարատև օդային հարվածներ չեմ սկսի, ինչպես Լիբիայի ու Կոսովոյի դեպքում էր»,- ասել է Օբաման:

Միացյալ Նահանգների առաջնորդը նաև նշել է, որ «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումը կարող է Սիրիայում քաոսի դեպքում ամրապնդել իր դիրքերը:

ԱՄՆ նախագահը նաև դիմել է Կոնգրեսին՝ առաջարկելով հետաձգել Սիրիայի վերաբերյալ քվեարկությունը, ռուսական առաջարկի պատճառով: Նա խոստովանել է, որ փոխել է մտադրությունը Ռուսաստանի առաջարկության շնորհիվ:

Ռուսաստանը Սիրիային առաջարկել է քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնել: Սիրիայի ԱԳՆ ղեկավարն ու երկրի վարչապետը համաձայնվել էին ռուսական այդ նախաձեռնության հետ: Քիմիական զենքի սիրիական արսենալը ամենախոշորներից է Մերձավոր Արևելքում: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի ընթացքում ավելի քան 1400 մարդ էր զոհվել: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:

Սիրիայում արդեն 2 տարի քաղաքացիական պատերազմ է: Այս ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղափոխված անձինք են:

Մինչդեռ Կոնգրեսն ու նախագահը փորձում են որոշում կայացնել, ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են անցնում Սիրիայում ռազմական միջամտության դեմ: