11 սեպտեմբերի 2013 - 12:37 AMT
Ռուսաստանը, այնուամենայնիվ, С-300 համակարգեր կմատակարարի Իրանին

ՌԴ իշխանությունները սկզբունքային որոշում են կայացրել ընդառաջելու Իրանի ցանկություններին միանգամայն երկու առանցքային հարցերի շուրջ՝ С-300 համալիրների առաքման և Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ բլոկի կառուցման մասին:

Ըստ թերթի Կրեմլին մոտիկ աղբյուրների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է սկսել երկու համաձայնագրերի մշակումը: Առաջինը կոչված է հարթելու տարաձայնությունը Թեհրանի հետ ՀՕՊ համակարգերի հարցում՝ Իրանին 800 մլն դոլար արժողությամբ ЗРК С-300ВМ «Անտեյ-2500» հինգ դիվիզիոնների առաքման դիմաց Թեհրանը պետք է ետ կանչի 4 մլրդ դոլարի հայցը «Ռոսօբորոնէքսպորտի» դեմ նախկին պայմանագիրը խզելու համար, գրում է «Կոմերսանտը»:

Ակնկալվում է, որ Թեհրանը կհամաձայնվի «Անտեյ-2500» առաքումներին: Նման փոխզիջմանը պատրաստ լինելու մասին է անուղղակի կերպով հայտարարել ՌԴ-ում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդ Ռեզա Սաջադին՝ նշելով, որ Իրանի իշխանությունները կարող են «ճկուն լինել»:

Իրանի հետ կապված երկրորդ նախագիծը Ռուսաստանի համար «այնքան էլ շահավետ չէ տնտեսական առումով, դա ավելի շուտ քաղաքական նախագիծ է», հայտարարել է թերթի աղբյուրը: Ըստ նրա, Մոսկվան պատրաստ է Թեհրանի հետ համաձայնագիր կնքել Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ բլոկի կառուցման մասին:

Այս երկու հարցերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է քննարկել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի հետ՝ Բիշքեկում կայանալիք Շանհայի Համագործակցության կազմակերպության շրջանակներում: Փորձագետները նշում են, որ Մոսկվայի ու Թեհրանի մերձեցմանը նպաստել է նաև նրանց տեսակետների ընդհանրությունը Սիրիայում իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև ՌԴ և ԱՄՆ միջև հակասությունների սրումը:

Վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած G20 գագաթաժողովում Պուտինը հակված չէր առճակատման, սակայն «հիմա կարելի է արտահայտվել ու գործել՝ հատուցելով ամերիկացիներին Մոսկվայի հանդիպումը չեղյալ համարելու ու Սիրիայի հարցում ՌԴ դիրքորոշման խիստ քննադատության համար», գտնում են փորձագետները, հայտնում է Newsru.com-ը:

Իրանի ՊՆ-ն գրեթե 4 մլրդ դոլար է գնահատում ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգերի առաքման ձախողումը»: Ռուսաստանը հրաժարվեց Իրան առաքել С-300 համալիրները 2010թ., երբ այդ երկրի դեմ ՄԱԿ-ը պատժամիջոցներ սահմանեց Իրանական կողմը համապատասխան հայցով կդիմի դատարան և գործը շահելու լավ հնարավորություն ունի, քանի որ ՄԱԿ պատժամիջոցները Թեհրանի դեմ արգելում են հարձակողական զինատեսակների մատակարարումները, իսկ С-300 համալիրները պաշտպանական համակարգ են: