Թուրքիան ամեն գնով ջանում է հարվածի տակ դնել Սիրիային

Թուրքիան ամեն գնով ջանում է հարվածի տակ դնել Սիրիային

PanARMENIAN.Net - Խնդիրները Սիրիայում չեն ավարտվի քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնելով, լրագրողներին է ասել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը: «Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն, պետք է հասկանան, որ քիմիական զենքի հանձնումը միջազգային հսկողությանը չի լուծի Սիրիայի խնդիրները: Գործուն մոտեցում է հարկավոր»,-ասել է թուրք նախագահը: Ըստ նրա, սիրիական ճգնաժամի հետևանքով արդեն շուրջ 100 հազար մարդ է զոհվել, դրան անհրաժեշտ է վերջ տալ, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Ռուսաստանն այսօր ՄԱԿ ԱԽ-ին է փոխանցել սիրիացի գրոհայինների կողմից քիմիական զենքի օգտագործման ապացույցները:

Մինչ այդ Ռուսաստանն առաջարկել էր Սիրիային քիմիական զենքը հանձնել միջազգային հսկողության տակ: Սիրիան համաձայնվել է:

Քիմիական զենքի հանդեպ հսկողություն հաստատելու նախաձեռնությունը ռազմական միջամտության մասին հարցը ետին պլան է մղել: Դա խոստովանել են Սպիտակ տանը, գրում է «Ռոյթերսը»: Ըստ դեմոկրատ սենատորների, նրանք նաև այն կարծիքի են, որ այժմ հայտնվել է խնդիր դիվանագիտական ճնապարհով լուծելու հնարավորություն:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռուստատեսությամբ ամերիկացիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի միջամտի Սիրիայում քաղաքացիական պատերազմին. «Դեմ էի ռազմական գործողություններին, որովհետև մենք չենք կարող ուժի միջոցով լուծել այլ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմը»,- հայտարարել է Օբաման: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ շահերից է բխում Սիրիային հարվածելը. այն կկանխի երկրում քիմիական զենքի կիրառումը. «Մենք պետք է կանխենք քիմիական զենքի հետագա կիրառումն ու տարածումը»,- նշել է ԱՄՆ նախագահը:

«Սիրիայի տարածք զորքեր չեմ ուղարկի, անորոշ ժամկետով ռազմական գործողություններ չեմ ծավալի, ինչպես Իրաքում ու Աֆղանստանում, ինչպես նաև երկարատև օդային հարվածներ չեմ սկսի, ինչպես Լիբիայի ու Կոսովոյի դեպքում էր»,- ասել է Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահը նաև նշել է, որ «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումը կարող է Սիրիայում քաոսի դեպքում ամրապնդել իր դիրքերը:

ԱՄՆ նախագահը նաև դիմել է Կոնգրեսին՝ առաջարկելով հետաձգել Սիրիայի վերաբերյալ քվեարկությունը, ռուսական առաջարկի պատճառով: Նա խոստովանել է, որ փոխել է մտադրությունը Ռուսաստանի առաջարկության շնորհիվ:

Ռուսաստանը Սիրիային առաջարկել է քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնել: Սիրիայի ԱԳՆ ղեկավարն ու երկրի վարչապետը համաձայնվել էին ռուսական այդ նախաձեռնության հետ: Քիմիական զենքի սիրիական արսենալը ամենախոշորներից է Մերձավոր Արևելքում: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի ընթացքում ավելի քան 1400 մարդ էր զոհվել: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:

Մինչ Կոնգրեսն ու նախագահը փորձում են որոշում կայացնել, ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են անցնում Սիրիայում ռազմական միջամտության դեմ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---