ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ծանոթացավ Հայաստանի ղեկավարության հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ծանոթացավ Հայաստանի ղեկավարության հետ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանում է երկրի ղեկավարության հետ ծանոթանալու նպատակով։ Նա արդեն հասցրել է հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին և բանակցությունների հեռանկարին: Ուորլիքը նախագահ Սարգսյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը։

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ուորլիք-Նալբանդյան հանդիպմանը նախարարը հույս է հայտնել, որ Ուորլիքի մեծ դիվանագիտական փորձն ու նրա մասնագիտական պատրաստվածությունը կծառայեն հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Ամերիկացի դիվանագետը, իր հերթին, նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է անել հնարավորը՝ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար։ Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ Հայաստանը համանախագահող երկրների հետ միասին հաստատակամ է հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած մեկ ամբողջություն կազմող սկզբունքների և տարրերի հիման վրա։ Նախարարն ու համանախագահը մանրամասն քննարկել են բանակցային գործընթացին վերաբերող հարցերը։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը ևս քննարկվել են ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ընթացքին և հակամարտող կողմերի ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Հանդիպմանը կարևորվել են հրադադարի ռեժիմի պահպանման, շփման գծում լարվածության թուլացման, հակամարտող կողմերի միջև փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը: Երեկ՝ գտնվելով Բաքվում, Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ անհրաժեշտ է գտնել տարածաշրջանում խաղաղության հաստատման ու զարգացման ճանապարհը։ Նրա խոսքով, ժամանակն է, որ Մինսկի խումբը, համանախագահները, Հայաստանը, Ադրբեջանն ու մյուս երկրներն աշխատեն միասին ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար, ինչը խաղաղություն կբերի տարածաշրջան։

«Այստեղ եմ բոլոր կողմերին լսելու ու իրավիճակը հնարավորինս լավ հասկանալու համար։ Այստեղ եմ ոչ թե անցյալ, այլև ապագա նայելու համար, որ լուծենք այս հարցը», - ասել էր նա՝ նշելով, որ անհամբեր սպասում է իր ֆրանսիացի ու ռուս գործընկերների հետ աշխատանքի մեկնարկին։ Ուորլիքը նաև հավելել էր, որ պատրաստվում է «աշխատանքը կատարել ռեալիզմի ու պրագմատիզմի հիման վրա, որ երկու կողմերն էլ կարողանան խնդրի լուծում գտնել»։

«Այս հակամարտությունն արդեն 20 տարուց ավելի է՝ շարունակվում է, շատերն են փորձել օգնել լուծել այն։ Հուսով եմ՝ եկել է ժամանակը, երբ բոլոր կողմերը կհասկանան, որ երկարաժամկետ խաղաղության հասնելն իրենց իսկ հետաքրքրություններից է բխում», - նշել է Ուորլիքը։ Երեվանից ամերիկացի դիվանագետը կուղևորվի Ստեփանակերտ, որտեղ կհանդիպի ԼՂՀ ղեկավարությանը։

Սա Ուորլիքի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի առաջին այցն է։ Այդ պաշտոնում նա նշանակվել է նախորդ ամիս։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---