Դիարբեքիրում հայերի և ասորիների ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել

Դիարբեքիրում հայերի և ասորիների ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել

PanARMENIAN.Net - Դիարբեքիրում հայերի և ասորիների ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել: Հուշարձանը բացել է Դիարբեքիրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրթաշը: «Մենք՝ քրդերս, ներողություն ենք խնդրում հայերից ու ասորիներից 1915 թ. մեր նախնիների կատարածի համար: Մենք կշարունակենք պայքարը հանուն հատուցման»,-ասել է Դեմիրթաշը:

Քաղաքապետը նաև կոչ է արել թուրքական իշխանություններին ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար: «Մենք առաջարկում ենք քայլ կատարել այդ ուղղությամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ նման ոճրագործություն այլևս չպետք է կրկնվի:

Հուշարձանը բացվել է Անզելե զբոսայգում, վերականգնված պատմական շատրվանի հարևանությամբ, որի վրա արձանագրություններ կան 7 լեզուներով, գրում է The Armenian Weekly:

Հուշարձանը նվիրված է բոլոր մարդկանց, որոնք ցեղասպանության զոհ են դարձել աշխարհի տարբեր երկրներում: Դեմիրթաշը նշել է նաև, որ հուշարձանի արձանագրությունում հիշատակված են բոլոր այն ժողովրդները, որոնք կոտորածի են ենթարկվել Թուրքիայում՝ հայերը, ասորիները, հրեաները, եզդիներն ու ալևիները: Արարողությանը ներկա են եղել բոլոր հիշատակված ժողովրդների ներկայացուցիչներ, այդ թվում նաև տեղաբնակ գրող Մկրտիչ Մարկոսյանը, որն էլ բացել է հուշարձանը:

Ըստ Զահիդ Չիֆտկուրանի, հուշարձանի բացումը յուրօրինակ հատուցում է 1915 թ. քրդերի նախնիների իրագործած ոճիրի համար:

Դիարբեքիրը (Տիգրանակերտ) հին հայկական քաղաք է, որն այժմ հանդիսանում է Դիարբեքիր իլի վարչական կենտրոնը և համարվում է թուրքական Քրդստանի ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Քաղաքը գտնվում է Տիգրիս գետի ափին:

Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ
Նա նշել է նաև, որ բան չունի ավելացնելու Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությանը
Գլխատված անձի անունը հայտնի է, նրա ազգանունը ճշտվում է
Ռուդենկոն հայտնել է, որ ԼՂ հարցով հաղորդակցությունն իրականացվում է փորձագիտական մակարդակով ու ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով