14 սեպտեմբերի 2013 - 15:17 AMT
ՄԱԿ տեսուչների զեկույցը Սիրիայի քիմզենքի մասին պատրաստ է. երբ կհրապարակվի՝ հայտնի չէ

ՄԱԿ փորձագետները, որոնք հետաքննում էին քիմիական զենքի կիրառումը Սիրիայում, ավարտել են աշխատանքը զեկույցի վրա: Այդ մասին սեպտեմբերի 13-ին հայտնել է Associated Press-ը՝ փորձագետների խմբի ղեկավար Ակե Սելստրյոմի վրա հղումով:

Զեկույցը ներկայացվելու է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հանգստյան օրերին: Սակայն, թե հատկապես երբ այն կհրապարակվի, Սելստրյոմը չի կարողացել ասել: Ըստ նրա, դա կախված է ՄԱԿ գլխավոր քարտուղարի որոշումից: Փորձագետների ղեկավարը նաև հրաժարվել է հայտնել հետաքննության արդյունքները:

Փորձագիտական խմբին վերապահված չէր քիմիական գրոհի համար պատասխանատուների որոշումը: Այնուամենայնիվ, ինչպես հայտնել են ՄԱԿ որոշ ներկայացուցիչներ, չհրապարակելով անունները, միանգամայն հավանական է, որ զեկույցում կլինեն տեղեկություններ նաև այդ մասին, հայտնում է Lenta.ru-ն:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը ավելի վաղ հայտնել էր, որ ՄԱԿ տեսուչների զեկույցը, որոնք հետաքննում են քիմիական զենքի կիրառման փաստը Դամասկոսի արվարձանում, հավանաբար, կհրապարակվի սեպտեմբերի 16-ին.:

ՄԱԿ փորձագետները հեռացել են Սիրիայից օգոստոսի 31-ին և այդ օրվանից ի վեր զբաղվում էին տվյալների վերլուծությամբ: ՆՐանք պետք է իրենց եզրակացությունը ներկայացնեն այն մասին, թե իրոք Դամասկոսի արվարձանում քիմիական զենք է օգտագործվել և ինչ հանգամանքներում: Մինչ այդ նրանք հավաքում են հետազոտում էին հողի, տուժածների արյան ու մեզի նմուշները, ինչպես նաև որոնում էին զենքի մնացորդները, որը կարող էր օոգտագործված լինել հարձակման ժամանակԼ Բացի այդ, փորձագետները հավաքել են բուժքույրերի ու ականտեսների վկայությունները:

Սիրիան դառնում է քիմիական զենքի արգելման կոնվենցիայի լիիրավ անդամ, հինգշաբթի օրը հայտարարել է այդ երկրի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Նա հաստատել է, որ երկրի ղեկավարությունը համապատասխան նամակներ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: «Իրավաբանական տեսակետից, այսօրվանից ի վեր, Սիրիան դառնում է կոնվենցիայի լիիրավ անդամ»,- մեջբերում է RIA-Novosti-ն: Նամակի տեքստում, մասնավորապես, ասվում է, որ Սիրիան համաձայն է պահպանել կոնվենցիայի դրույթները, մինչ այն կսկսի գործել այդ երկրի դեպքում:

Ինչպես պարզաբանել է Ջաֆարին, կոնվենցիային միանալու ժամկետը կքննարկվի Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ:

Նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել էր, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից և համաձայնագիր ստորագրել այն արգելելու մասին: Նա նշել էր, որ այդ որոշումը կայացվել է ոչ թե ԱՄՆ ճնշման կամ սպառնալիքների հետևանքով, այլ այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով:

Շաբաթվա սկզբում Մոսկվան առաջարկել էր Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից: Մինչ այդ Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիան ռուսական առաջարկն անընդունելի քաղաքական քայլ էր համարել: Ավելի ուշ մեկ այլ ընդդիմադիր կազմակերպության՝ Սիրիայի Ազգային համակարգող կենտրոնի ղեկավար Հեյսամ Մանաան հայտարարել էր, որ ընդդիմությունն առաջարկել է Ռուսաստանի հսկողությանը հանձնել Սիրիայի քիմիական զենքը մինչ անցումային կառավարության ձևավորումը: Մինչդեռ սիրիական ընդդիմության զինված թևը՝ Սիրիայի ազատ բանակը (ՍԱԲ), մերժել էր քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ ռուսական նախաձեռնությունը, հայտարարել էր ՍԱԲ զինված կազմավորումների հրամանատար Սելիմ Իդրիսը:

Ռուսաստանը նաև ՄԱԿ ԱԽ էր փոխանցել սիրիական գրոհայինների կողմից քիմիական զենք օգտագործելու ապացույցները: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: