Պանիրը Հայաստանի համար կարող է «սպիտակ ոսկի» դառնալ

Պանիրը Հայաստանի համար կարող է «սպիտակ ոսկի» դառնալ

PanARMENIAN.Net - Հայաստանում արտադրվում է պանրի մոտ 25 տեսակ: Ամեն տարի հանրապետությունում արտադրվում է մոտ 17 հազար տոննա պանիր: Որոշ տեսակները, այդ թվում՝ «Լոռի»-ն, «Չանախ»-ը, «Մոթալ»-ը, «Չեչիլ»-ը, «Եղեգնաձոր»-ը, զուտ հայկական են:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2013թ. հունվար-հուլիսին պանրի արտադրությունը Հայաստանում կրճատվել է 2,6 տոկոսով՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել է 10 108 տոննա: Միայն հուլիսին երկրում արտադրվել է 1 887 տոննա պանիր:

Ըստ Պանրագործների միության տվյալների, այժմ Հայաստանում գործում է պանրի արտադրությամբ զբաղվող մոտ 70 ձեռնարկություն:

Ճյուղի զարգացումը խթանելու համար 2010 թ. պետությունն ի դեմս Զարգացման հայկական գործակալության և Պանրագործների միության ստեղծեց «Հայկական պանիր» ՓԲԸ-ն: Այն ստեղծվել է տարբեր տեղական ընկերությունների արտադրած պանիրը «Հայկական պանիր» ընդհանուր բրենդով արտահանելու նպատակով:

Ըստ Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի, «Հայկական պանիր» ընկերությունն այսօր փաստացի չի գործում: 2-3 նախաձեռնություններից հետո ընկերության գործունեությունը սառեցվեց, քանի որ խոստացված ֆինանսավորումը չապահովվեց: Դա կառավարության հերթական նախաձեռնությունն էր, որը շարունակություն չստացավ:

Մասնագետը վստահ է, որ պանիրն ու կաթնամթերքն ընդհանրապես կարող են Հայաստանի համար «սպիտակ ոսկի» դառնալ, քանի որ երկրում կան պանրագործության համար եզակի աշխարհագրական պայմաններ:

Իր հերթին հիմնադիրն ի դեմս Զարգացման հայկական գործակալության մտադիր է առաջիկա տարիներին 1,5 մլն դոլարի պանիր առաքել Ռուսաստան: Ինչպես ավելի վաղ ասել էր գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, «Հայկական պանիր» ապրանքատեսակն արդեն իսկ գրանցված է Ռուսաստանի ու ԱՄՆ առևտրային համակարգերում: Բացի այդ, ըստ նրա Հայաստանը բանակցում է ԵՄ հետ Ազատ առևտրի պայմանագրին միանալու շուրջ, ինչը բոլոր հայ արտադրողներին կստիպի վերանայել չափանիշները՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային պահանջներին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---