Ի՞նչ է ասել Նալբանդյանը Վարշավայում. Լեհաստանի ԱԳՆ-ն շտկել է հաղորդագրության իր տարբերակը

Ի՞նչ է ասել Նալբանդյանը Վարշավայում. Լեհաստանի ԱԳՆ-ն շտկել է հաղորդագրության իր տարբերակը

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար այցը Լեհաստան ու Հայաստանի ու Լեհաստանի նախարարների կարծես թե արարողակարգային մամուլի հաղորդագրությունները խիստ քննադատության պատճառ դարձան Էդվարդ Նալբանդյանի հասցեին: Պատճառը մի փոքր, բայց էական տարբերություններ էր նախարարների հանդիպման մասին մամուլի հաղորդագրությունների հայկական և լեհական տարբերակներում:

Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հանդիմանը քննարկվել են ԵՄ հետ Երևանի հարաբերությունների զարգացման հեռանկարները: Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է. «Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել և շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների։ Նաև այդ համատեքստում պետք է դիտարկել Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը»։

Մինչդեռ, Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ հայ նախարարի խոսքերը մի փոքր այլ կերպ էին ներկայացվել. «Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ իր երկիրը մտադիր է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա չի հակասի Ռուսաստանի շահերին»: Նա հավելել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը նույն ռազմական դաշինքի անդամներ են, ինչպես նաև սերտ համագործակցություն ունեն տնտեսության, հատկապես, էներգետիկայի ոլորտում, և դա արդարացնում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվայում արված հայտարարությունը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ:

Ճիշտ է, արդեն այսօր Լեհաստանի ԱԳՆ կայքում հանդիպման մասին հաղորդագրությունը շտկվել է. «Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ իր երկիրը մտադիր է սերտացնել կապերը Եվրամիության հետ որքան դա հնարավոր կլինի, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների»:

Հատկապես ի՞նչ է ասել Նալբանդյանը Լեհաստանում. որ ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները չպետք է զարգանան ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, թե հենց այն, որ Ռուսաստանն է մատնանշելու Եվրամիության հետ ՀՀ համագործակցության աստիճանը: Ինչի՞ մասին չեն պայմանավորվել երկու նախարարությունների մամուլի ծառայությունները՝ հաղոդագրությունները նախապատրաստելիս:

Հավանաբար, այս հարցերն անպատասխան կմնան:

ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Օրերս Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասաց, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Անցած շաբաթ Եվրամիության ղեկավարները նաև դատապարտեցին այն ճնշումը, որն, ըստ իրենց, Մոսկվան գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել կապերը ԵՄ հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---