Բաշար Ասադ. Քիմիական զենքի ոչնչացման համար 1 միլիարդ դոլար կպահանջվի

Բաշար Ասադ. Քիմիական զենքի ոչնչացման համար 1 միլիարդ դոլար կպահանջվի

PanARMENIAN.Net - Սիրիայի քիմիական զենքի պաշարներն ոչնչացնելու համար 1 միլիարդ դոլար կպահանջվի, ամերիկյան Fox News լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Ըստ նրա, «տեխնիկապես դա բարդ է» և քիմիական զենքի արսենալի ոչնչացումը մոտ մեկ տարի կպահանջի: «Պատրաստ ենք մեր քիմիական զենքը հանձնել ցանկացած երկրի, որը կգնա նման ռիսկի»,- ասել է Սիրիայի նախագահը, հայտնում է ВВС-ին:

Նա նաև տեղեկացրել է, որ Սիրիան լրացուցիչ պայմաններ առաջ չի քաշում և չի առարկում, որ քիմիական զենքի գծով ՄԱԿ փորձագետները կրկին այցելեն երկիր:

Չորեքշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր՝ Ռուսաստանը տվյալներ ունի, որ Սիրիայում քիմիական զենքն ընդդիմությունն է կիրառել և այդ տվյալները կներկայացվեն ՄԱԿ Անվտանգության խորհրդին:

Մոսկվան առաջարկել էր Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 14-ին Ռուսաստանն ու ԱՄՆ համաձայնեցրին Սիրիայում քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու ծրագիրը: Ըստ պայմանավորվածության, միջազգային տեսուչները կմեկնեն Սիրիա 2013 թ. նոյեմբերից ոչ ուշ: Իսկ սիրիական քիմիական զենքի պաշարները նախատեսվում է վերացնել արդեն 2014 թ. կեսին: Զենքի ոչնչացման գործնական հարցերը կլուծի Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: Ֆինանսավորմանը կմասնակցեն նաև միջազգային դոնորներ:

Քիմիական զենքը դուրս կբերվի Սիրիայից և կոչնչացվի երկրի սահմաններից դուրս: Ապստամբներն ու նրանց արևմտյան ու արաբական դաշնակիցները օգոստոսի 21-ի հարձակման մեղքը բարդում են Ասադի ռեժիմի վրա: Ասադի ռեժիմը պնդում է, որ քիմիական զենք են կիրառել նաև ապստամբները: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 2 տարի: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ էր զոհվել:

Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---