ՀՀ նախագահը քննադատել է ՀԱՊԿ որոշ երկրներին՝ Ադրբեջանին տեղի տալու համար

ՀՀ նախագահը քննադատել է ՀԱՊԿ որոշ երկրներին՝ Ադրբեջանին տեղի տալու համար

PanARMENIAN.Net - «Մենք մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ մեր աշխատանքի արդյունավետության և մեր կազմակերպության հեղինակության հետագա բարձրացումն ուղղակիորեն կախված է մեր արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայի մակարդակից»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որն անցել է նեղ շրջանակում:

Ըստ նրա, Հայաստանը մշտապես և ամբողջ ծավալով իրականացնում է այդ համատեքստում իր վրա վերցրած պարտականությունները, «քանի որ մենք ելնում ենք մեր դաշնակցային հարաբերությունների առաջնահերթությունից և հավաքական անվտանգության համակարգին չվնասելու սկզբունքից»:

«Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ մեզ հաջողվել է դրական արդյունքների հասնել: Նախօրոք համաձայնեցված համատեղ ելույթներն ու հայտարարությունները բազմակողմ հարթակներում, միջազգային կազմակերպություններին կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներին հավաքական ցուցումները դարձել են պարբերական պրակտիկա:

Այդուհանդերձ, մեր կարծիքով, այստեղ պահանջվում են մի ամբողջ շարք համաձայնեցված ջանքեր ինչպես փոխգործակցության արդյունավետության բարձրացման, այնպես էլ, ցավոք, եղած թերությունների բացառման մասով: Կբերեմ ընդամենը մեկ օրինակ. մեր փաստաթղթերում, այդ թվում՝ անցյալ տարի դեկտեմբերին ընդունված մոսկովյան հայտարարության մեջ, ընդգծվել էր ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, որոնք, մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշմանը, և տարածքային ամբողջականությանը: Համանման դրույթ է ամրագրված նաև համատեղ հրամաններում: Սակայն, ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց, մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի և, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ:

«Այս թեման հատկապես արդիական է Ադրբեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման մշտապես հնչեցվող սպառնալիքների ֆոնին»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Սոչիում մասնակցելու համար ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով հանդիպմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---