Ուղեվարձի թանկացմամբ զբաղվող նոր հանձնաժողովը 5 օրից կգումարի առաջին նիստը

Ուղեվարձի թանկացմամբ զբաղվող նոր հանձնաժողովը 5 օրից կգումարի առաջին նիստը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի ձևավորման հանձնաժողով կստեղծվի: Որոշումը կայացվել է այսօր: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, նրա տեղակալն է քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը:

Հանձնաժողովի առաջին նիստը կգումարվի արդեն որոշման ուժի մեջ մտնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, հաջորդ նիստերը` ըստ անհրաժեշտության: Նիստն իրավազոր կհամարվի այն դեպքում, եթե նիստին ներկա լինեն անդամների առնվազն կեսը: Քննարկվող հարցերի շուրջ հանձնաժողովի որոշումներն ընդունվելու են բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ: Քաղաքապետի որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվում է հանձնաժողովի նախագահի վրա, իսկ հսկողությունն իրականացնում է ինքը՝ քաղաքապետը:

Այսպիսով, հանձնաժողովի կազմում 38 անդամ կա, այդ թվում՝ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը, «Ունիսոն» ՀԿ–ի գործադիր տնօրենի տեղակալ Շուշանիկ Նախապետյանը, «Աքիլես» ՀԿ–ի իրավաբան Արմինե Մկրտչյանը, «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Արմեն Պողոսյանը և այլոք:

Ինչպես PanARMENIAN.Net ին ասաց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, հանձնաժողովում ընդգրկվելու վերաբերյալ ներկայացաված բոլոր հայտերն ընդունվել են: Նա հիշեցրեց, որ ավելի վաղ ավագանու անդամներ «Բարև, Երևան» դաշինքն ու «Բարգավաճ Հայաստանը» հրաժարվել էին ընդգրկվել հանձնաժողովի կազմում: Գևորգյանը նշեց նաև, որ անդամների քանակի վերաբերյալ որևէ սահմանափակում չի եղել, ու որ այս հանձնաժողովը կազմված է բոլոր ցանկացողներից, ովքեր սահմանված ժամկետում (այն է՝ 19.09.2013թ., ժամը 18:00-ն) ներկայացրել էին հայտերը:

Հիշեցնենք, որ հուլիսին քաղաքապետարանը հայտարարել էր հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գնի բարձրացման մասին, երթուղայիններն ու ավտոբուսները դարձնելով 150, տրոլեյբուսները՝ 100 դրամ: Դրանից հետո մայրաքաղաքում բողոքի մեծ ալիք էր բարձրացել: Երիտասարդները քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ էին կազմակերպում՝ բազմաթիվ թռուցիկներ բաժանելով ու կոչ անելով ուղևորներին չվճարել 150 դրամ: Շուտով ակտիվիստներին միացան նաև հայտնի անձինք, ովքեր իրենց մեքենաներով Երևանի տարբեր հատվածներից քաղաքացիներին տեղափոխում էին անվճար, այնուհետև որոշ քաղաքական ուժեր ևս սկսեցին իրենց վրդովվմունքն արտահայտել ուղեվարձի թանկացման դեմ:

Հուլիսի 24-ին Մարդու իրավունքնենրի պաշտպան Կարեն Անդրեասյանը հարցադրումներով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ նշել էր՝ ուղեվարձի թանկացման որոշումը անթույլատրելի է առանց պատշաճ հանրային քննարկման, բայց առավել դատապարտելի է, երբ նման թանկացումը կատարվում է օրենքի կոպիտ խախտումներով: Ավելի ուշ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով ՄԻՊ խորհրդական Արմեն Գրիգորյանը PanARMENIAN.Net ին ասել էր, որ Օմբուդսմենի՝ Տարոն Մարգարյանին առաջադրած ուղեվարձի թանկացման հետ կապված հարցադրումների պատասխաններ, ըստ էության, չեն տրվել: Բողոքի ալիքներն այնպիսի տարածում ստացան, որ հուլիսի 25-ին արդեն քաղաքապետը հայտարարե՝ ժամանակավորապես կասեցնում է 150 դրամ վճարելու մասին իր որոշումը՝ նշելով, որ որոշ ժամանակ անց քաղաքապետարանում կձևավորվի համապատասխան հանձնաժողով, որը՝ հաշվի առնելով որոշակի խմբերի սոցիալական վիճակը, ուղեվարձի համապատասխան նոր գին կձևավորի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---