25 սեպտեմբերի 2013 - 16:20 AMT
ԵՏՀ. Ընդհանուր սահմանի բացակայությունը Հայաստանի ու Մաքսային միության միջև խնդիր չէ

Ընդհանուր սահմանի բացակայությունը Հայաստանի ու Մաքսային միության միջև խնդիր չի դառնա տնտեսական միավորմանն ինտեգրվելու ճանապարհին: Այդ մասին հայտարարել է ՄՄ և ԵՏԸ անդրազգային մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասսկին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: Ըստ նրա, աշխարհում բավական շատ են այն օրինակները, երբ երկրները կամ տարածաշրջանները չունեն ընդհանուր սահման, բայց տնտեսական միավորումների անդամ են: Այդպես, նա հիշեցրել է, որ ՌԴ Կալինինգրադի մարզը ընդհանուր սահման չունի ՄՄ հետ, իսկ Մալթան ընդհանուր սահման չունի ԵՄ հետ: Նա ասել է նաև, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հստակ ժամկետներ չկան, դա կախված է հայկական կողմից, հայտնում է «ՈւՆԻԱՆ»-ը:

«Դժվար է կանխատեսել, թե երբ Հայաստանը կանդամակցի ՄՄ-ին, բարդ է, այդ գործընթացը կարող է ակտվ լինել, կամ ոչ այնքան: Առաջին հերթին դա կախված է հայկական կողմի ցանկությունից»,-ասել է Սպասսկին: Նա հայտնել է, որ ՄՄ-ին երկրի անդամակցության կարգը որոշված է: Ըստ նրա, ՄՄ-ին միանալու համար պետք է ընդունել ՄՄ և ԵՏԸ բազան, որն ունեն Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Սպասսկին հայտնել է, որ ՄՄ շրջանակներում հարկավոր է միանալ 78 նորմատիվ փաստաթղթի, ինչպես նաև 17 փաստաթղթի, որոնք նկարագրում են ԵՏԸ: «Դա բավականին լուրջ գործընթաց է՝ փաստաթղթերը վավերացնելու համար ըստ ՀՀ օրենսդրության»,-ասել է Սպասսկին: Նա հայտնել է, որ 2014 թվականի կեսին պատրաստ կլինի Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախագիծը, որպեսզի 2015 թ. հունվարի 1-ից այն արդեն գործի: Ըստ նրա, եթե Հայաստանը հասցնի ավարտել մինչ այդ ներքին գործընթացները, ապա կկարողանա անմիջապես անդամակցել ԵՏՄ-ին որպես չորրորդ երկիր: «Հայաստանը առավելություն ունի, քանի որ նա դիտորդի կարգավիճակ ունի ԵվրԱզԷՍ-ում և ծանոթ է նորմատիվ բազային»,-ասել է նա:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: