26 սեպտեմբերի 2013 - 10:37 AMT
Իրանի նախագահը մտադիր է համաձայնության գալ միջազգային հանրության հետ միջուկային ծրագրի շուրջ

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ մտադիր է 3-6 ամսում համաձայնության գալ միջազգային հանրության հետ միջուկային ծրագրի շուրջ: Ամերիկյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նա ասել է, որ միջուկային խնդրի լուծումը կարող է իրանա-ամերիկյան հարաբերությունների բարելավման համար «սկզբնակետ» դառնալ:

Արևմուտքին համոզելու համար, որ միջուկային մշակումները խաղաղ բնույթ են կրում, Իրանը պատրաստ է առավելագույն անկեղծության, պնդում է նախագահը: Ըստ Ռոուհանիի, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Համենեին բոլոր լիազորություններով օժտել է նրան այդ հարցի շուրջ բանակցություններում, հայտնում է ՌԲԿ-ն:

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «վեցնյակի» և Իրանի միջև բանակցություններում առաջընթացըպետք է հիմնվի փոխադարձության սկզբունքի վրա, որն ենթադրում է հրաժարում պատժամիջոցներից խնդիրների լուծմանը զուգահեռ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Իրանի ղեկավարությունը առավել բաց լինելու և արդյունքի հասնելու վրա կենտրոնանալու ցանկություն է հայտնել: Այն պայմանով, անշուշտ, որ դա փոխադարձ գործընթաց կլինի»,- ասել է նախարարը:

Լավրովը հավելել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները սահմանվել են միջուկային ծրագրի հետ կապված խնդիրներում առաջընթացի բացակայության պատճառով: «Եթե առաջընթաց կա, ապա պետք է լինի նաև պատժամիջոցների ռեժիմի մեղմացում ու աստիճանական վերացում»,- ասել է նա:

Լավրովը հիշեցրել է նաև, որ մի քանի տարի առաջ Ռուսաստանի կողմից առաջարկված ծրագիրը նախատեսում էր միակ իրականացվող սկզբունքը՝ կոնկրետ պատժամիջոցների փուլային վերացում Իրանի կոնկրետ քայլերին ի պատասխան:

ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Դեռ 2002թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դասեց Իրանը «չարիքի առանցքի» երկրների շարքին, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին ու ձգտում միջուկային զենք ստանալ: ԱՄՆ-ն փորձում է հասնել Իրանի միջազգային մեկուսացման: Սակայն ԱՄՆ ջանքերը հակազդեցություն են ստանում Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից, որը կապված է Իրանի հետ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ պայմանագրերով ու Բուշերում ԱԷԿ-ի կառուցմամբ:

Սեպտեմբերի 26-ին Իրանը բանակցություններ կանցկացնի ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամների և Գերմանիայի հետ ուրանի հարստացման ծրագրի շուրջ: Բանակցությունները մեկնարկել են 2006 թ.:

Ռոուհանին, ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ առջև սեպտեմբերի 24-ին, ասել է, որ իր երկիրը պատրաստ է բանակցել միջուկային ծրագրի շուրջ: