Հայաստանը Չերնոգորիայի դիվանագետների համար վերացնում է մուտքի արտոնագրի պահանջը

Հայաստանը Չերնոգորիայի դիվանագետների համար վերացնում է մուտքի արտոնագրի պահանջը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը և Չերնոգորիան փոխադարձաբար չունեն դիվանագիտական ներկայացուցչություններ միմյանց պետություններում, ինչը բարդացնում է երկու պետությունների դիվանագետների կողմից մուտքի արտոնագրի ձեռքբերումը: Ելնելով այս հանգամանքից՝ կառավարությունն այսօր կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարության միջև դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Սույն համաձայնագրի ստորագրումը ուղղված է լրացնելու այդ բացը և, միաժամանակ, նպաստելու Հայաստանի Հանրապետության և Չերնոգորիայի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը, պաշտոնական այցելությունների խթանմանը:

Հայաստանի Հանրապետությունն ունի դիվանագիտական անձնագրերով մուտքի արտոնագրի պահանջի վերացման վերաբերյալ համաձայնագրեր բազմաթիվ պետությունների, այդ թվում` Եվրոպական Միության անդամ և անդամ չհանդիսացող մի շարք եվրոպական երկրների հետ (Սերբիա, Սլովակիա, Խորվաթիա, Կիպրոս, Լեհաստան, Ֆրանսիա և Շվեյցարիա):

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվել է վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր, որով, ի թիվս այլ դրույթների, նախատեսվում է վերացնել ԵՄ պետություններ այցելելիս մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար: Հետևաբար, այս Համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է ոչ ԵՄ անդամ Չերնոգորիայի հետ նույնպես հաստատելու դիվանագիտական անձնագրերով մուտքի արտոնագրի ազատականացված ռեժիմ:

2013 թ. հունվարի 10-ից ԵՄ անդամ երկրի, ինչպես նաև Շենգենյան գոտում գտնվող, սակայն Եվրամիության անդամ չհանդիսացող Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիները Հայաստանի տարածք կարող են մտնել առանց մուտքի արտոնագրի: Երեք տասնյակից ավելի երկրների քաղաքացիները ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր՝ մեկ տարվա ընթացքում:

Արևելյան գործընկերության ծրագրով Եվրոպան նույնպես 2012-ի դեկտեմբերին Հայաստանին ընդառաջ քայլ արեց՝ Հայաստանի 16 խումբ քաղաքացիների համար դյուրացնելով մուտքի արտոնագիր ստանալը`ուսանողներ, գիտնականներ, մարզիկներ, լրագրողներ, արվեստի գործիչներ, Եվրոպայում օրինական բնակվող հարազատներ ունեցողներ, սփյուռքահայ կազմակերպությունների կողմից հրավեր ստացած անձիք: Համաձայնագրով նվազել է նաև Շենգենի վիզայի արժեքը՝ 60 եվրոյից մինչև 35 եվրո:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---