26 սեպտեմբերի 2013 - 15:40 AMT
«Փարաջանով» ֆիլմը կբացի Միսկի «Լիստապադ» կինոփառատոնը

Ելենա Ֆետիսովայի և Սերժ Ավեդիքյանի հեղինակած «Փարաջանով» կենսագրականֆիլմը, որն Ուկրաինայի կողմից ներկայացվել է «Օսկարի», կբացի Մինսկի «Լիստապադ» կինոփառատոնը:

Ելենա Ֆետիսովայի և Սերժ Ավեդիքյանի ֆիլմը կմասնակցի նաև սեպտեմբերի 26-ից՝ հոկտեմբերի 5-ն անցնող Համբուրգի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրին:

Սեպտեմբերի 13-ին «Օսկարի» ուկրաինական կոմիտեն «Փարաջանով» ֆիլմն ընտրել էր«Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մասնակցելու համար:

Ընտրությունը կատարվել էր «Փարաջանովի», ռեժիսոր Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» ու Ահմետ Սեյթաբլայեվի «Հայթարմա» ֆիլմերի միջև: «Փարաջանովի» օգտին քվեարկել էր կոմիտեի 10 անդամներից 6-ը:

«Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով, պրեմիերան այս տարվա հոկտեմբերի 3-ին է։ «Փարաջանովը» ճանաչվել է Օդեսայի միջազգային կինոփառատոնի լավագույն ուկրաինական ֆիլմ:

Այն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին է, որի վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգին։ Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղի կյանքին նրան օգնում է դիմակայել սերը գեղեցիկի հանդեպ։

«Փարաջանովի» հայաստանյան պրեմիերան կայացել էր այս տարվա հուլիսին՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման օրը, իսկ Ուկրաինայում այն էկրան կբարձրանա մի քանի օրից՝ սեպտեմբերի 26-ին:

ԱՄՆ-ում «Օսկարի» ներկայացված ֆիլմերը 24 անվանակարգերում կհայտարարվեն 2014թ. հունվարի 16-ին, իսկ «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014թ. մարտի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre թատրոնում: