26 սեպտեմբերի 2013 - 18:07 AMT
Գյումրիի ռուսական ռազմաբազայում դեռ չեն հաստատում համալրման մասին լուրերը

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, «Հայկական ժամանակ» օրաթերթն իր աղբյուրների վրա հղումով գրել էր, որ Մոսկվան մտադիր է մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում։ Ըստ թերթի, առաջիկայում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում լուրջ համալրումներ են սպասվում, ու ծառայության անցնելու համար ՀՀ ժամանող ռուս զինվորականներն ու նրանց ընտանիքի անդամների թիվը հասնելու է 2500-3000 հոգու, իսկ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր այս տեղեկությունը։

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Աշոտ Կարապետյանը Ռազմինֆո-ին ասել է, որ առաջիկայում ռազմաբազայում միայն ներկայիս անձնակազմի փոխարինում է սպասվում, իսկ զինծառայողների թվակազմի ավելացման մասին գնդապետն ասել է.

«Ոչ, նման բան դեռևս որոշված չէ։ Դրա համար միջկառավարական որոշում է պետք։ Մենք հիմա ավելացումների տեղ էլ չունենք»։

Ըստ Կարապետյանի՝ նման տեղեկատվության տարածման առիթ է, հավանաբար, դարձել նոյեմբերին սկսվող զորացրումը։

«Նոյեմբերին սկսվում է զորացրում-զորակոչը։ Այսինքն՝ զորացրված զինծառայողներին փոխարինելու համար գալիս են նորերը։ Իսկ Հայաստան ՌԴ զինծառայողները գալիս են դեռ հոկտեմբերից, բայց մինչ այդ Ռուսաստանի ուսումնական զորամասերում պատրաստություն են ստանում»,- նշել է Կարապետյանը։

Գյումրիի 8-րդ թաղամասից (Վոսմոյ գորոդոկ) զինծառայողներին ընտանիքներով տեղափոխելու մասին Կարապետյանն ասել է. «Հանում են նրանց, ովքեր արդեն ստացել են բարեկարգ բնակարաններ, ասենք՝ Մոսկվայում կամ այլ տեղ, բայց շարունակում են ապրել ծառայողական բնակարաններում։ Ու սա մարդկանց մոտ այլ պատկերացումներ չպետք է առաջացնի»։

2013-ի հունիսին ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի Հայաստան պաշտոնական այցի ընթացքում ՀՀ-ն ու ՌԴ-ն ռազմատեխնիկական գործակցության զարգացման մասին պայմանագիր էին կնքել: Դրանով նախատեսվում է, որ կողմերից յուրաքանչյուրը մյուսին ռազմական նշանակության նույն բնութագրերն ու բաղադրիչներն ունեցող արտադրանքը կառաքի մյուս կողմին, ինչպես դա արվում է սեփական ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զորամիավորումների, իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների համար: Բացի այդ, պայմանագիրն իրավունք է տալիս ռազմական նշանակության արտադրանք առաքող կողմին վերահսկել նրա առկայությունն ու նպատակային օգտագործումը, որի կարգը կողմերը որոշելու են լրացուցիչ համաձայնագրով:

Բացի այդ, մեկ այլ պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են համատեղ պաշտպանական ոլորտի ձեռնարկություն ու սահմանապահների և արտակարգ իրավիճակների մասնագետների նախապատրաստման կենտրոններ ստեղծել: Հայաստանի պաշտպանական ոլորտի արդյունաբերությունը ՌԴ օգնությամբ պետք է որոշ տեսակի զինամթերքների, զրահատեխնիկայի արտադրություն սկսի, ինչպես նաև վերանորոգման համար անհրաժեշտ բազա ոչ միայն ցամաքային ուժերի, այլև ՀՕՊ և ՌՕՈւ սպառազինության համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Հրապարակ»-ն ԱԺ-ում իր աղբյուրների վրա հղումով, Հայաստանը կլինի միակ երկիրը, որը նման պայմանագիր կունենա Ռուսաստանի հետ: «Նմանատիպ պայմանագիր գոյություն ունի նաև Բելառսւի հետ, սակայն, այնտեղ որոշ վերապահումներ կան, որոնք Հայաստանի դեպքում բացակայում են»,- գրել էր պարբերականը:

Photo: arms-expo.ru