27 սեպտեմբերի 2013 - 11:05 AMT
ՄԱԿ ԱԽ-ն սիրիական բանաձևը քվեարկության կդնի սեպտեմբերի 27-ի երեկոյան

ՄԱԿ ԱԽ քվեարկությունը Սիրիայի բանաձևի վերաբերյալ տեղի կունենա սեպտեմբերի 27-ի երեկոյան, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ակնկալվում է, որ փաստաթուղթը կընդունվի:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և ԱՄՆ ԱԳ գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին համաձայնեցրել են բանաձևի նախագիծը:

Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, բանաձևի նախագիծը չի ենթադրում Սիրիայի դեմ անհապաղ գործողություններ: Լավրովն ընդգծել է, որ փաստաթուղթը հավանություն է տալիս համաձայնությանն, ըստ որի Դամասկոսը քիմիական զենքի իր պաշարները կհանձնի միջազգային հսկողության: Եթե խախտումներ գրանցվեն հակամարտության կողմերից, իսկ բանաձևը կոչ է անում նաև ընդդիմությանն օգնել զինաթափման գործում, ապա ՄԱԿ ԱԽ-ն կրկին կգումարվի:

Մինչ բանաձևի վերջնական տարբերակ հաստատելը Լավրովն ու Քերին մի քանի հանդիպում ունեցան: Կողմերն այդ հանդիպումները գնահատեցին որպես կառուցողական՝ դիվանագետները գոհ էին ինչպես բանակցությունների ընթացքից, այնպես էլ արդյունքներից:

Սեպտեմբերի 14-ին Լավրովն ու Քերին պայմանավորվածության են հասել սիրիական քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնելու մասին: Տարաձայնություններ կան այն առումով, որ ԱՄՆ-ն պնդում է, որ եթե նախագահ Ասադի ռեժիմը թույլ տա քիմիական զենքի կիրառում կամ չարտոնված փոխանցում, անհապաղ պետք է ռազմական գործողություն սկսել, իսկ Ռուսաստանն առաջարկում է այդ դեպքում որոշումը կայացնել ՄԱԿ ԱԽ միջոցով:

Նախօրեին ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գենադի Գատիլովը հայտնեց, որ ՄԱԿ ԱԽ-ն կարող է համաձայնեցնել Սիրիայի գծով բանաձևը առաջիկա երկու օրում: Նա պատմել է, որ փաստաթղթի տեքստում հղում կլինի ՄԱԿ Կանոնադրության 7-րդ գլխին, որը թույլ է տալիս ինչպես ռազմական գործողություններ, այնպես էլ ոչ ռազմական բնույթի գործողություններ խաղաղության հաստատման համար: Դիվանագետն ընդգծել է, որ բանաձևը չի ենթադրում անմիջապես ռազմական գործողություններ սկսել, եթե Դամասկոսը խախտի քիմիական զենքի դուրս բերման ու ոչնչացման պլանը: Եթե դա տեղի ունենա, ՄԱԿ ԱԽ-ն պետք է ընդունի լրացուցիչ բանաձև, հայտնում է ՌԲԿ-ն:

Մոսկվայի նախաձեռնությունը վերջ դրեց արևմտյան երկրների սպառնալիքներին, որոնք օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրություններից հետո վճռականորեն հայտարարում էին, որ պետք է ռմբակոծել Սիրիան: