27 սեպտեմբերի 2013 - 12:12 AMT
Երևանում ԱՄՆ դեսպան. Հայաստանն ինքն է որոշում որ կառույցին անդամակցի

Հայաստանն ինքն է որոշում կայացնում այս կամ այն կառույցին անդամակցելու մասին, ուրբաթ օրը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը՝ մեկնաբանելով Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Աշոտ Մանուչարյանի հայտարարությունը սեպտեմբերի 14-ի մամլո ասուլիսում: Վերջինս ասել էր, թե Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը Հայաստանն ընդունել է ԱՄՆ ճնշման ներքո և որ ՀՀ ղեկավարությունն ամբողջությամբ գտնվում է այդ տերության ազդեցության տակ:

«Ես կպատասխանեմ այնպես, ինչպես իմ վերջին հարցազրույցներից մեկում. Հայաստանն ինքն է որոշում կայացնում այս կամ այն կառույցին անդամակցելու մասին, իսկ ԱՄՆ-ն, ՀՀ բարեկամներն ու գործընկերները կշարունակեն աշխատել նրա հետ»,-ասել է Հեֆֆերնն ուրբաթ օրը լրագրողներին, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասաց, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Անցած շաբաթ Եվրամիության ղեկավարները նաև դատապարտեցին այն ճնշումը, որն, ըստ իրենց, Մոսկվան գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել կապերը ԵՄ հետ: