27 սեպտեմբերի 2013 - 15:00 AMT
ԿԱՐԾԻՔ
Ո՞վ է վճարում ՄՃԽ-ին Ղարաբաղում մոտալուտ պատերազմի մասին բազմամյա կանխատեսումների համար

Բավականին հայտնի Միջազգային ճգնաժամային խումբը հանդես է եկել ղարաբաղյան հարցի հերթական վերլուծությամբ: Ինչպես միշտ հոռետեսորեն տրամադրված ՄՃԽ-նռազմական գործողությունների վերսկսում, լարվածության սրում է կանխատեսում, և, փորձելով պահպանել օբյեկտիվության պատրանքը, ճշմարտությանը դեմ է գնում:

Այդպես «Հայաստան և Ադրբեջան. Ռիսկերի սեզոն» իր նոր վերլուծության մեջ Միջազգային ճգնաժամային խումբը կանխատեսում է, որ «Ադրբեջանի ու Հայաստանի միջև լայնածավալ ռազմական գործողությունների սկիզբը կարող է նպաստել, որ հակամարտության մեջ ներքաշվեն Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը»: Իսկ ղարաբաղյան հակամարտությունը կանխելու համար, ՄՃԽ-ն անհրաժեշտ է համարում, ինչպես և միշտ վերջին տարիներին, ամրապնդել միջազգային փոխգործակցությունը: Խումբը հատուկ հույսեր է կապում Ռուսաստանի հետ. «Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր ու ազդեցիկ դերակատար այս հակամարտության մեջ, պետք է համաձայնության հասնելու ուղղությամբ առավել վճռական աշխատիև դադարեցնի զենքի առաքումներն երկու կողմերին»:

Ինչ վերաբերում է «ճշմարտությանը դեմ գնալուն»: ՄՃԽ-ն իր վերլուծության մեջ նշում է, որ 2011 թվականից ի վեր, երբ «խաղաղ բանակցությունները ձախողվեցին, երկու կողմերը սպառազինություն են կուտակում և նախապատվությունը տալիս են ռազմատենչ հռետորաբանությանը»:

Պարոնայք փորձագետներ, հայկական կողմը հանդես չի գալիս ռազմատենչ հայտարարություններով, ռազմաշունչ հռետորաբանությունն Ադրբեջանի «առավելությունն է» ի դեմս նախագահի և այլ պաշտոնական ու ոչ պաշտոնական դեմքերի, որոնք բաց չեն թողնում առիթն իրենց զավթողական տրամադրությունները հայտնելու համար: Իսկ Հայաստանի «ռազմաշունչ» հայտարարությունները սահմանափակվում են միայն Ադրբեջանի այդ զավթողական մտադրություններին դիմակայելու պատրաստականության մասին հայտարարություններով:

Նույնն է նաև «սպառազինության կուտակման» դեպքում: Հենց Ադրբեջանն է, առանց թաքնվելու հսկայական քանակով զենք գնում ու արտադրում, խախտելով բոլոր միջազգային քվոտաներն ու, հավանաբար, հույս ունենալով, որ սպառազինության քանակը կհատուցի ադրբեջանական «քաջարի ու անհաղթ», բայց մեկ անգամ արդեն պարտություն կրած բանակի անպետքությունը:

Դառնանք տեքստին: Այս լարված իրավիճակում (սպառազինության կուտակում և ռազմատենչ հռետորաբանություն), որը վատթարանում է ներքաղաքական մրցակցությամբ, առավել մեծ վտանգ է ներկայացնում պատահական պատերազմի ռիսկը, ինչպես միշտ մռայլ կանխատեսում է անում ՄՃԽ-ն:

«Իրական ռիսկ կա, որ բալանսավորումը պատերազմի շեմին կամ առավել հաճախ բախումները մերձճակատային գոտում կարող են բռնկում առաջացնել ու ռազմական գործողությունների վերսկսման հանգեցնել: Խոշորամասշտաբ ռազմական գործողությունների սկիզբը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը նույնպես ներգրավվեն հակամարտության մեջ»,- նշում է ՄՃԽ-ն: Դրանք «բախումներ» չեն, դրանք ադրբեջանական կողմից կազմակերպվող մշտական սադրանքներ են, որը չի խորշում նույնիսկ սահմանամերձ հայկական գյուղերի գնդակոծությունից: Կա, օրինակ, վերջին դեպքը, երբ ադրբեջանական առաջապահ ստորաբաժանումները չմարող գնդակոծությամբ խանգարեցին բժշկին օգնել ականի վրա պայթած հայ հովվին, որն ավելի ուշ արյան կորստից մահացավ:

ՄՃԽ-ում գտնում են, որ «առաջիկա ամիսներին կարող են առանձին խնդիրներ առաջանալ հնարավոր ներքաղաքական լարվածության հետ կապված հակամարտության յուրաքանչյուր երկրում՝ Հայաստանում բողոքի ակցիաներ են պլանավորում ընդդիմադիր ուժերը, Ադրբեջանում կառավարությունը անկարգությունների մտավախություն ունի կապված հոկտեմբերին նախագահական ընտրությունների հետ»,- գտնում է ՄՃԽ Հարավային Կովկասի գծով նախագծի տնօրեն Լոուրենս Սքոտ Շիթսը: Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են:

Դեռ անցյալ տարի, ավելի կոնկրետ, 2012 թվականի հուլիսին, այն ժամանակ անփոխարինելի թվացող ՄՃԽ ներկայացուցիչ Սաբինա Ֆրեյզերը, օգտվելով լարվածությունից Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում և հայ-ադրբեջանական հարաբերություններում, հերթական անգամ շուտափույթ պատերազմ կանխագուշակեց, ինչպես դա անում է վերջին մի քանի տարիներին: «Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումները կարող են պատերազմի վերածվել տարածաշրջանում, որտեղ BP ընկերությունն ու նրա գործընկերները $35 միլիարդ են ներդրել էներգետիկ նախագծերի մեջ: Շփման գծում Ադրբեջանի և Հայաստանի կողմից վերահսկողությունը թույլ է, միջազգային մոնիտորինգ գրեթե չկա: Լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են բռնկվել պատահաբար` որպես կողմերի պատասխան գործողությունների արդյունք»,-այն ժամանակ հայտարարել էր Սաբինա Ֆրեյզերը:

Ընդ որում, ըստ երևույթին, չցանկանալով նմանվել հոռետես Կասանդրային, Սաբինա Ֆրեյզերը շտապել է հավելել, որ «ո'չ Ադրբեջանը, ո'չ էլ Հայաստանը կարճաժամկետ հեռանկարում լայնամասշտաբ հարձակում չեն ծրագրում»: «Եթե լայնամասշտաբ ռազմական գործողությունները վերսկսվեն, դա երկարատև պատերազմ կլինի, քանի որ կողմերից ոչ մեկը մյուսի հանդեպ մեծ առավելություն չունի: Պարզ չէ նաև, թե ինչպես կարձագանքեն Ռուսաստանն ու Թուրքիան: Նրանք կարող են ներգրավվել իրենց կողմից տրամադրած անվտանգության երաշխիքների պատճառով»,- նշել է նա`նկատի ունենալով, որ Ռուսաստանը ռազմակայան ունի Գյումրիում և պարտավոր է Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերել, քանի որ երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամներ են, իսկ Ադրբեջանը սերտ էթնիկ, քաղաքական և տնտեսական կապեր ունի Թուրքիայի հետ:

Բարեբախտաբար, անցած տարում Ֆրեյզերի կանխատեսումները չիրականացան, ինչպես, ի դեպ, երբեք չեն իրականացել ՄՃԽ կանխատեսումների վրա «հիմնված իրավիճակի վերլուծությունները»: Հետաքրքրական է հարցը. ո՞վ և ինչո՞ւ է վճարում Միջազգային ճգնաժամային խմբին մռայլ կանխատեսումների ու մթնոլորտի թեժացման համար: Չէ որ միակ բանը, ինչին այս տարիներին հասել է ՄՃԽ-ն, այն է, որ սկսել է ազդել բոլորի նյարդերին՝ և Հայաստանում, և Ադրբեջանում:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net