27 սեպտեմբերի 2013 - 15:29 AMT
ՀԱՊԿ խաղաղապահներին իրավունք կտրվի մասնակցելու իրենց պատասխանատվության գոտուց դուրս գործողություններին

ՀԱՊԿ խաղաղապահները իրավունք կստանան մասնակցելու իրենց պատասխանատվության գոտուց դուրս գործողություններին, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Գենադի Նեվիգլասը ուրբաթ օրը Մինսկում:

«Մեր խաղաղապահ զորակազմը ձևավորված է ու վարժված: Արդեն հոկտեմբերին մեծ զորավաժություն տեղի կունենա: Խաղաղապահ ուժերը հասունության քննություն կհանձնեն ՄԱԿ համապատասխան կոմիտեի ներկայացուցիչներին, որից հետո մենք իրավունք կստանանք մասնակցելու մեր պատասխանատվության գոտուց դուրս խաղաղապահ միջոցառումներին»,-հայտարարել է Նեվիգլասը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նեվիգլասը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում ստեղծվել են Արագ արձագանքման հավաքական ուժեր, որոնք ներառում են շուրջ 26 հազար մարդ Կազմակերպության բոլոր վեց պետություններից:

Օրերս Բելառուսում ավարտվեցին «Փոխգործակցություն-2013» զորավարժությունները ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ:

Սեպտեմբերի 23-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որն անցել է նեղ շրջանակում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «հետագա աշխատանքի արդյունավետության և մեր կազմակերպության հեղինակության հետագա բարձրացումն ուղղակիորեն կախված է մեր արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայի մակարդակից»:

Ըստ նրա, Հայաստանը մշտապես և ամբողջ ծավալով իրականացնում է այդ համատեքստում իր վրա վերցրած պարտականությունները, «քանի որ մենք ելնում ենք մեր դաշնակցային հարաբերությունների առաջնահերթությունից և հավաքական անվտանգության համակարգին չվնասելու սկզբունքից»:

«Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ մեզ հաջողվել է դրական արդյունքների հասնել: Նախօրոք համաձայնեցված համատեղ ելույթներն ու հայտարարությունները բազմակողմ հարթակներում, միջազգային կազմակերպություններին կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներին հավաքական ցուցումները դարձել են պարբերական պրակտիկա:

Այդուհանդերձ, մեր կարծիքով, այստեղ պահանջվում են մի ամբողջ շարք համաձայնեցված ջանքեր ինչպես փոխգործակցության արդյունավետության բարձրացման, այնպես էլ, ցավոք, եղած թերությունների բացառման մասով: Կբերեմ ընդամենը մեկ օրինակ. մեր փաստաթղթերում, այդ թվում՝ անցյալ տարի դեկտեմբերին ընդունված մոսկովյան հայտարարության մեջ, ընդգծվել էր ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, որոնք, մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշմանը, և տարածքային ամբողջականությանը: Համանման դրույթ է ամրագրված նաև համատեղ հրամաններում: Սակայն, ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: