27 սեպտեմբերի 2013 - 15:42 AMT
Թուրքիան հերքում է ահաբեկչական «Ան Նուսրային» օգնելու մեղադրանքները

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հերքել է որոշ ԶԼՄ-ների մեղադրանքներն այն մասին, որ երկիրը օգնություն է տրամադրում «Ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանը, որը «Ալ Քայիդայի» սիրիական թևն է, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Իր հայտարարության մեջ Գյուլերը նշել է, որ կարիք չկա վստահելու ինտերնետ կայքերի ու պորտալների տեղեկատվությանը, որոնց անաչառությունը կասկածելի է, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

«Ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականի հունվարին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում: «Ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ-ի, ԱՄՆ, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների կողմից:

Արդեն հայտնի է, որ սիրիացի ապստամբների մի շարք խմբավորումներ հայտարարել են, որ չեն ընդունում չափավոր սիրիական ընդդիմությունը, որը Արևմուտքը լեգիտիմ է համարում որպես հակազդեցություն պաշտոնական Դամասկոսին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը, ինտերնետում հայտնված գրոհայիններից մեկի տեսաուղերձի վրա հղումով: Ըստ ապստամբների հայտարարության, գրոհայինների առնվազն 13 խումբ պաշտոնապես դարձել է «Ջաբհաթ ան Նուսրայի», որն, ինչպես համարվում է, կապված է «Ալ Քայիդայի» հետ, ինչպես նաև «Բրիգադ Ահրար էշ Շամ» և «Լիվա էլ Տահուդի բրիգադներ» կազմակերպությունների անդամ: Ավելի վաղ հաղորդագրություններ եղան, որ սիրիացի ապստամբների խմբերը վերջերս նաև անդամակցում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությանը:

«Սիրիայի ազգային կոալիցիան, որը Արևմուտքի կողմից ճանաչվում է որպես Սիրիայի լեգիտիմ չափավոր ընդդիմություն, և նրա կառավարությունը Ահմադ Թումեհի գլխավորությամբ մեր ներկայացուցիչները չեն և նրանց իշխանությւնը մենք չենք ճանաչում»,-հայտարարել է տղամարդը՝ ընթերցելով ապստամբների ուղերձը տեսանյութում:

Պաշտոնապես չափավոր ընդդիմությունից անջատված խմբավորումների ընդհանուր քանակն անհայտ է: Հայտնի չէ նաև, թե որքան ժամանակ են նրանք պայքարում իսլամիստների շարքերում և արդյոք այն երկու խմբավորումների ու մի քանի հարյուր գրոհայինների թվում են, որոնց միանալու մասին «Ջաբհաթ ան Նուսրային» հայտնի դարձավ դեռ նախորդ շաբաթ:

Ինչպես նախկինում բազմիցս հայտարարել են Սիրիայի իշխանություների ներկայացուցիչները, ներառյալ նախագահ Ասադին, ինչպես նաև նրանց մերձակա դաշնակիցներն այդ հարցում, Ռուսաստանն ու Իրանը, վատագույնը, ինչ կարող է անել համաշխարհային հանրությունն այս դեպքում, դա Դամասկոսի դեմ ռազմական գործողություն սկսելը կլինի:

Ռազմական գործողությունը, որտեղ հավանաբար կառավարական ուժերը մեծ կորուստներ կունենան, ձեռնատու կլինի ոչ միայն չափավոր ընդդիմությանը: Հավանաբար, նա իշխող կառավարության պաշտոնանկությանը հասնելու շանս կստանա: Սակայն, երկարաժամկետ հեռանկարում չի կարողանա պահել իշխանությունը, քանի որ Ասադի պրոֆեսիոնալ բանակի թուլացումը կհանգեցնի ծայրահեղականների ազդեցության ուժեղացմանը երկրում և նույնիսկ տարածաշրջանում, հայտնում է Newsru.com-ը: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: