28 մարտի 2006 - 15:00 AMT
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան եւ Հայաստանը պայմանագիր են ստորագրել ՀՀ-ին 235.65 դոլար տրամադրելու վերաբերյալ
Մարտի 27-ին Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչն ու ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հանդիսավոր կերպով ստորագրեցին 235,65 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ու Հայաստանի Հանրապետության միջեւ: Միջոցառմանը մասնակցեց ՀՄԿ խորհրդի նախագահ, ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Ներկա էր նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Ես շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին արդյունքների վրա հիմնված ու զարգացում ապահովող ծրագիր մշակելու համար, որն ուղղված է աղքատ բնակչության կյանքի բարելավմանը: Աջակցությունն օգտագործվելու է, որպեսզի վերականգնվեն այն ճանապարհները, որ անհրաժեշտ են սոցիալական ու առողջապահական ծառայություններն ու ապրանքների վաճառքի շուկաները գյուղական բնակիչներին հասանելի դարձնելու համար: Համաձայնագրով նաեւ ֆինանսավորվելու են ծրագրեր, որոնք կմեծացնեն գյուղատնտեսության արդյունավետությունը` ջրամատակարարման բարելավման, բերքատվության մեծացման, առավել արժեքավոր մշակաբույսերի մշակման ու գյուղատնտեսական ոլորտի մրցունակության մեծացման ճանապարհով», -ասեց Ջոն Դանիլովիչը: .

Նրա խոսքերով, Հայաստանը ԱՄՆ լավագույն գործընկերներից է եւ «մենք ուրախ ենք օգնել Հայաստանին բոլոր հայերի համար առավել լավ կյանք կերտելու ճանապարհին»: «Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամից շարունակական աջակցության ստացումը պայմանավորված է արդարացի կառավարման, մարդկային կապիտալում ներդրումներ կատարելու ու տնտեսական ազատությունը խրախուսելու ասպարեզում լավ ցուցանիշների ապահովմամբ: Ծրագրի ողջ ընթացքում Հազարամյակի մարտահրավերների կորպորացիան շարունակելու է վերահսկել Հայաստանի ցուցանիշներն այս երեք ուղղություններում»,- ավելացրել է նա: Ակնկալվում է , որ ծրագիրն ուղղակիորեն կանդրադառնա գյուղական բնակչության 75 տոկոսի վրա, ու արդյունքում գյուղական աղքատ բնակչության տարեկան եկամուտները նշանակալիորեն կավելանան:

Հիշեցնենք, որ նախագահ Բուշի նախաձեռնությամբ 2004թ. մեկնարկած ,Հազարամյակի մարտահրավերների հաշիվ հիմնադրամը զարգացման ծրագրերի նպատակով աջակցության ցուցաբերման մի նորարարական մոտեցում է, որի առաջնորդող սկզբունքն այն է, որ զարգացող երկրներում աղքատության հաղթահարման ու տնտեսական աճի համար վճռորոշ են հուսալի քաղաքականությունն ու լավ կառավարումը: