ՄԱԿ ԱԽ-ն միաձայն քվեարկել է Սիրիայում քիմզենքի վերաբերյալ բանաձևի օգտին

ՄԱԿ ԱԽ-ն միաձայն քվեարկել է Սիրիայում քիմզենքի վերաբերյալ բանաձևի օգտին

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Բանաձևում նշվում է, որ այն չկատարելու դեպքում, այդ թվում քիմիական զենքի ապօրինի փոխանցման ու կիրառման դեպքում, ում կողմից էլ այն կիրառվի, միջոցներ կձեռնարկվեն համաձայն ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածի: Այդ գլուխը նախատեսում է կոշտ միջոցներ, ընդհուպ մինչև ռազմական գործողություններ, ապահովելու համար խաղաղությունն ու անվտանգությունը, նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Խորհրդի 15 անդամ երկրները ողջունել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության որոշումը միջազգային հսկողության ներքո թունավոր նյութերի ոչնչացման վերաբերյալ:

Բանաձևը պահանջում է բոլոր պետություններից օգնություն չցուցաբերել ոչ պետական սուբյեկտներին քիմիական զենքի արտադրության, գնման ու կիրառման հարցում: Ինչ վերաբերում է ճգնաժամի վերացմանը Սիրիայում, որը սկիզբ առավ 2011 թվականին և տարավ շուրջ 100 հազար մարդու կյանք, բանաձևը կոչ է անում քաղաքական երկխոսություն սկսել սիրիական իշխանությունների ու ընդդիմության միջև:

Փաստաթղթի տեքստը Ռուսաստանի ու ԱՄՆ միջև ինտենսիվ բանակցությունների արդյունք է: Նրա հիմքում է ընկած 2013թ. սեպտեմբերին Ժնևում ձեռք բերած պայմանավորվածությունը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բանաձևի կատարման համար պատասխանատվությունը կրում են ոչ միայն Սիրիայի իշխանությունները, այլ նաև ընդդիմությունը, նրանք չպետք է թույլ տան, որ քիմիական զենքը հայտնվի գրոհայինների ձեռքում:

Լավրովը նաև նշել է, որ ընդունված բանաձևը կոչված է լուծելու Սիրիայում քիմիական զենքի խնդիրը, սակայն պայմաններ է ստեղծում, որպեսզի Մերձավոր Արևելքը դառնա զնագվածային ոչնչացման զենքի կիրառումից զերծ գոտի: Ըստ նրա, Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Սիրիայում առաջիկա գործողությանը:

Բանաձևի ընդունումից հետո ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարեց, որ բանաձևը երաշխավորում է, որ քիմիական զենքը Սիրիայում կոչնչացվի սեղմ ժամկետում: Նա հավելել է նաև, որ քիմիական զենքի կիրառման մեղավորները պետք է կանգնեն դատարանի առջև, հայտնում է ՌԲԿ-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---