28 սեպտեմբերի 2013 - 11:33 AMT
ԳՆ. Սեպտեմբերի վերջին 8-15 տոկոսով մսի գնանկում է սպասվում

Ըստ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական տվյալների, երկրում 2013 թվականին արձանագրվել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակի զգալի աճ: 2013 թ. առաջին կիսամյակում անասունների գլխաքանակն աճել է մոտ 62 հազարով, ընդ որում, Հայաստանում կովերի գլխաքանակը հասել է 303 հազարի, ինչը 20 հազարով ավելի է, քան նախորդ տարի: Ոչխարի գլխաքանակն աճել է 114, 3 տոկոսով: 2012 թվականին Հայաստանում գրանցված էր շուրջ 675 հազար ոչխար և այծ: Աճ է արձանագրվել նաև խոզերի գլխաքանակի ցուցանիշներում՝ 134 հազար, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, հաշվի առնելով ընթացիկ տարում արձանագրված անասնագլխաքանակի կտրուկ աճը, տարեսկզբին ներկայացրել էր ներքին շուկայում մսեղիքի գնանկման վերաբերյալ իր կանխատեսումները: Այսպես, եթե ընթացիկ տարվա սկզբին մսեղիքի շուկայական գինը կազմում էր 2600-2700 դրամ, փափկամսինը՝ 3300-3800 դրամ, իսկ խոզի և ոչխարի/գառան/ մսինը՝ 2800-3000 դրամ, ապա արդեն սեպտեմբեի վերջին նկատվում է տավարի մսեղիքի 8-9% , խոզի մսի՝11% և ոչխարի մսի 15% գնանկում:

Ավելին, ներկայումս հանրապետության բոլոր մարզերում մսի իրացման համար գիրացված տավարի և ոչխարի գլխաքանակը 10%-ով, իսկ խոզերինը՝ ավելի քան 15%-ով գերզանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրացման ենթակա անասնագլխաքանակի ցուցանիշը:

Այս ցուցանիշները պետք է նպաստեին մսամթերքի ապրանքախմբի ապրանքների արտադրության ծավալների աճին ու գների նվազմանը: Սակայն պատկերն այսպիսին է. 2013թ. օգոստոսին՝ 2012թ. օգոստոսի համեմատ, գրանցվել է 3.6%, իսկ 2013թ. հուլիսի համեմատ` 0.2% գնաճ: Վերջինս պայմանավորվել է թռչնամսի` 0.3%, հավի բդի` 0.3%, խոզի մսի` 0.9%, բարձր տեսակի ապխտած երշիկի` 1.0%, բաստուրմայի` 2.1% գնաճով:

Ընդր որում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2013թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչխարի մսի գինը նվազել է 1.6%-ով, իսկ տավարի մսի գինը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Թռչնաբուծության զարգացման տեմպերը նույպես աճի միտումներ ունեն: Այս պահի դրությամբ իրացվել է արդեն 24,5 մլն հատ ձու, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 7536 հազարով ավելի է:

Մորթի ենթակա կենդանիների և թռչունների կենդանի քաշը կազմել է 130,0 հազար տոննա, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 2,4 հազար տոննա:

Ըստ PanARMENIANNet-ի մի շարք երևանյան սուպերմարյկետներում անցկացված մոնիտորինգի, մսի գնինը չի նվազել: Երևանի մանրածախ առևտրի կետերում այսօրվա դրությամբ 1 կգ տավարի մսի արժեքը կազմում է միջինը 2600 դրամ, խոզի մսինը՝ 3500 դրամ, ոչխարի մսինը՝ 3000 դրամ: