28 սեպտեմբերի 2013 - 11:56 AMT
Չնայած Օբամա-Ռոուհանի հեռախոսազրույցին, նախագահների մակարդակով ԱՄՆ-Իրան բանակցություններ չեն լինի

ԱՄՆ և Իրանի բանակցությունները միջուկային խնդրի շուրջ չեն շարունակվի նախագահների մակարդակով, չնայած ուրբաթ օրը Բարաք Օբաման ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ նախագահն ուրբաթ օրը հայտնել էր, որ Ռոուհանիի հետ իր նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իրանի միջուկային խնդրի կարգավորման ուղիները:

«Մենք կարծում ենք, որ դրանք այն բանակցությունները չեն, որոնք անցնելու են նախագահական մակարդակով: Մենք ակնկալում ենք, որ դրանք անցնելու են ԱԳ նախարարների մակարդակով՝ 5+1 ձևաչափով (ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ և Գերմանիա), տեխնիկական փորձագետների մասնակցությամբ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ըստ նրա, Օբաման տրամադրված է խթանելու երկխոսությունը:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը երեկ մասնակցել էր Իրանի և 5+1 ձևաչափով բանախոսների խմբի բանակցություններին, որոշ տեղեկություններ է հայտնել Facebook-ի իր էջում: Զարիֆը պատմել է, որ գրեթե կես ժամ խոսել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

«Քերին ընդգծել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջուկային խնդիրը բանակցությունների և փոխադարձ հարգանքի հիման վրա լուծելու պարտավորությունը»,- գրել է Զարիֆը: Ըստ նրա, Քերիի հետ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, հայտնում է Trend գործակալությունը:

«Աշխատանքը դեռ նոր է սկսվել, մենք պետք է երկար ճանապարհ անցնենք միջուկային խնդիրn Իրանի ժողովրդի իրավունքների հիման վրա հանգուցալուծելու համար»,- գրել է Զարիֆը:

Իրանի ԱԳ նախարարն ասել է նաև, որ Իրանի բանակցողների թիմը փորձում է խուսափել անօգուտ ուշադրությունից և միտված կլինի որքան հնարավոր է արագ արդյունքների հասնելու ցանկությանը:

2007 թվականից ի վեր առաջին անգամ հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղարը զրուցել է Իրանի ԱԳ նախարարի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ-ում: Սկզբում Իրանի ԱԳՆ նոր ղեկավարը հանդիպել է ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների ԱԳ նախարարներին, այնուհետև չորս տերությունների ներկայացուցիչները դուրս են եկել և Քերին առանձնազրույց է ունեցել Զարիֆի հետ:

ԱՄՆ-ն և նրա արևմտյան գործընկերները կասկածում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ, Իրանը դա հերքում է: Երկիրը բազմիցս է հայտարարել, որ չի ձգտում միջուկային զենքի ստեղծմանը, այլ օգտագործելու է ատոմային էներգիան բժշկական հետազոտությունների համար:

Photo: eaworldview.com