28 սեպտեմբերի 2013 - 14:54 AMT
Ռոուհանիին չեն ներել խոսակցությունն Օբամայի հետ՝ նրա վրա հավկիթներ և կոշիկներ են նետել

Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ուղղությամբ, որը Թեհրան է վերադարձել ՄԱԿ ԳՎ նստաշրջանից, ցուցարարները հավկիթներ և կոշիկներ են նետել, իր թվիթերում հայտնել է The New York Times-ի թղթակիցը:

Դա տեղի է ունեցել Թեհրանի օդանավակայանում, որտեղ հավաքվել էր Իրանի միջուկային հարցում Արևմուտքին զիջումների դեմ հանդես եկող մոտ 100 ցուցարար:

ԱՄՆ նախագահն ուրբաթ օրը հայտնել էր, որ Ռոուհանիի հետ իր նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իրանի միջուկային խնդրի կարգավորման ուղիները:

Մինչդեռ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ և Իրանի բանակցությունները միջուկային խնդրի շուրջ չեն շարունակվի նախագահների մակարդակով, չնայած ուրբաթ օրը Բարաք Օբաման ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույց են ունեցել:

«Մենք կարծում ենք, որ դրանք այն բանակցությունները չեն, որոնք անցնելու են նախագահական մակարդակով: Մենք ակնկալում ենք, որ դրանք անցնելու են ԱԳ նախարարների մակարդակով՝ 5+1 ձևաչափով (ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ և Գերմանիա), տեխնիկական փորձագետների մասնակցությամբ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Ըստ նրա, Օբաման տրամադրված է խթանելու երկխոսությունը:

Photo: frontpagemag.com