30 սեպտեմբերի 2013 - 13:05 AMT
Փարիզում ներկայացվել է Կովկասյան տարածաշրջանի ընկալման այլընտրանքային «երկբևեռ մոդելը»

2013 թվականի սեպտեմբերի 23-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի «Լամարտին» խորհրդաժողովում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով «Աշխարհաքաղաքականությունը Կովկասում» թեմայով: Դա խոշոր գիտական իրադարձություն էր, որը հարթակ հանդիսացավ 17 փորձագետ կովկասագետների, տնտեսագետների, քաղաքական ու հասարակական գործիչների համար Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իրանից ու ԱՄՆ-ից: Գիտաժողովը կազմակերպվել էր Փարիզի աշխարհաքաղաքական ակադեմիայի, Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի և ՌԴ Կովկասագետների ընկերակցության ջանքերով:

Գիտաժողովում, որն անցավ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժակ Մեյարի հովանու ներքո, քննարկվել է կովկասյան թեմատիկայի հետ կապված հարցերի լայն շրջանակ: Ներկայացվել է Կովկասում տիրող իրավիճակի վերլուծությունը, նրա տեղը միջազգային հարաբերությունների համակարգում, ինչպես նաև ռուս-եվրոպական ու ռուս-ֆրանսիական երկխոսության շրջանակներում: Գիտաժողովում քննարկվել են ոչ միայն տարածաշրջանում սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր, այլ նաև ազգային և կրոնական հարաբերությունների քարտեզը, ինչպես նաև ուրվագծվել են հիմնական համաշխարհային աշխարհաքաղաքական ու աշխարհառազմավարական զարգացման ուղղությունները, որոնք անցնում են Կովկասյան լեռնաշղթայով:

Գիտաժողովի աշխատանքը բացվել է Փարիզի աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ Ալի Ռաստբինի ողջույնի խոսքով, որը նախագահել է «Տարածաշրջանային քաղաքականությունը Կովկասում» թեմայով առաջին նստաշրջանում: Նա իր ելույթում նշել է, որ գնալով ակնհյատ է դառնում, որ Կովկասը կիսվում է երկու մրցակցող առանցքի՝ Հյուսիս-Հարավ (Ռուսաստան-Հայաստան-Իրան) և Արևմուտք-Արևելք (Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան): Ըստ միջոցառման կազմակերպիչներից մեկի, 2008 թ. Հնգօրյա պատերազմի արդյունքում պաշտոնական Մոսկվան վերջնականապես ամրապնդվեց Հյուսիսային Կովկասում, սակայն դա մեծ անդունդ առաջացրեց Ռուսաստանի և Հարավային Կովկասի միջև: Զեկույցի ավարտին Ռաստբինն ասաց, որ, չնայած Եվրոպայի աճող ազդեցությանը տարածաշրջանում (Կովկասի էներգետիկ գրավչության պատճառով), Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանն են բուն տարածաշրջանային դերակատարները, նրանք պետք է քանդեն «կովկասյան թնջուկը»:

Հետո խոսքը փոխանցվեց ՌԴ Կաբարդինո Բալկարիայի պետական համալսարանի պրոֆեսոր Բարասբի Կարամուրզովին, որն իր զեկույցը նվիրել էր «Հյուսիսային Կովկասը պատմական տարածության ու ժամանակի մեջ» թեմային: Իր ելույթում նա զարգացրեց «կովկասյան բևեռների» տեսությունը: «Կովկասը Հյուսիսի ու Հարավաի, Արևմուտքի ու Արևելքի շահերի խաչմերուկ է», ասել է ռուսաստանցի զեկուցողը: Հյուսիսային Կովկասը, սերտ կապված լինելով ՌԴ ենթակառուցվածքային ու տրանսպորտային կապերի կենտրոնի հետ, չի ընկալում իրեն որպես Ռուսաստանի ծայրամաս: Զեկուցողը նաև անդրադարձել է տարածաշրջանի համար ցավոտ «չերքեսական հարցին»՝ սփյուռքի ու ՌԴ քաղաքացիների հարաբերություններին:

Հաջորդ զեկուցողը ՌԳԱ Կաբարդինո Բալկարիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչ, պատմական գիտությունների թեկնածու Ասլան Բորովը հանդես եկավ «Կախվածություն անցյալից» կամ «ստեղծագործական ամնեզիա». Հյուսիսային Կովկասը ժամանակակից Ռուսաստանի քաղաքակրթական գործընթացում» թեմայով: Նրա զեկույցը նվիրված էր Ռուսաստանի ու Հյուսիսային Կովկասի քաղաքակրթական զարգացման ձևերի ու գործընթացների վերլուծությանը: Ըստ վերլուծաբանի, ՌԴ կովկասյան քաղաքականության մեջ նկատվում է սոցիալ-մշակութային կոնվերգենցիայի ֆենոմեն, երբ կենտրոնն ազդում է տարածաշրջանների վրա և հակառակը: Զեկուցողը նշեց Ռուսաստանի բացառիկ դերը Կովկասում ընթացող քաղաքակրթական գործընթացում, առաջին հերթին նրա հյուսիսային մասում: Պարոն Բորովը հորդորեց հրաժարվել այսպես կոչված «path dependence»-ից՝ անցյալից առաջացած կախվածությունից: Ռուսաստանյան քաղաքական շրջանակները ստիպված են խելացի քաղաքականություն վարել՝ «ստեղծագործական ամնեզիայի» քաղաքականություն, որի արդյունքում կովկասյան ժողովրդների վրա կուտակված անցյալի մռայլ ստվերները կարող են ցրվել:

Ֆրանսիական Արդի միջազգային հարաբերությունների դիտարկումների ու վերլուծության կենտրոնի տնօրեն Պատրիկ Դոմբրովսկին ներկայացրել է Կովկասյան տարածաշրջանի ընկալման «երկբևեռ մոդելը»: Նա առաջարկել է լսարանին դիտարկել Կովկասը որպես ռազմավարական հարթակ Սև և Կասպից ծովերի միջև: Կովկասյան լեռնաշղթայի բարձունքներից շատ հարմար է ազդել Սևծովյան և Կասպից ծովի տարածաշրջանների վրա: Երկու «փակ ծովերի» վրա գերիշխող Կովկասը կարող է դառնալ Արևելյան Եվրոպայի, Մեծ Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի բանալին: Մինչ այդ Եվրասիայում առանձին խաղացողի դեր ստանձնելու հավակնող տարածաշրջանը կարող է միջքաղաքակրթական կամուրջի դեր ստանձնել: Այն նաև մեծ ներուժ ունի հակազդելու համար այնպիսի մարտահրավերներին, ինչպիսիք են թմրանյութերի շրջանառությունն ու արաբական աշխարհի իսլամականացումը, հայտարարել է Դոմբրովսկին: