30 սեպտեմբերի 2013 - 13:34 AMT
Ալեքսանդր Կռիլով. Ֆրանսիան, ինչպես և Ռուսաստանը, սեփական շահերն ունի Կովկասում

Վերջին տարիներին Ռուսաստանը նոր խնդիրների բախվեց Հարավային Կովկասում, որոնք պայմանավորված են այն փոփոխություններով, որոնք վերջերս են տեղի ունեցել (նոր իշխանությունները Վրաստանում, նոր միտումներն Ադրբեջանի, Հայաստանի քաղաքականությունների մեջ և այլն): Արդյունքում Մոսկվայի համար անհնար է դառնում նույն քաղաքականության շարունակությունը և այն հարաբերությունների համակարգի պահպանումը, որը ձևավորվեց 2008 թ.՝ դաշնային հարաբերություններ Հայաստանի հետ, գործընկերային հարաբերություններ Ադրբեջանի հետ, սակայն ոչ ի վնաս Հայաստանի, և Վրաստանի անտեսում: Ռուսաստանից պահանջվում է արագ և գործուն արձագանքել նոր գործընթացներին, որոնց բնույթն ու հնարավոր արդյունքը շատ բարդ է կանխատեսել: Նման բարդությունների հետ կբախվեն նաև մյուս պետությունները, որոնք շահեր ունեն այդ տարածաշրջանում: Այդ մասին «Աշխարհաքաղաքականությունը Կովկասում» թեմայով Փարիզում կայացած գիտաժողովում հայտարարել է Ռուսաստանի Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:

Նա նշել է, որ 2008 թ. իրադարձություններից հետո Ռուսաստանի համար բացասական զարգացումների կանխատեսումները Հարավային Կովկասում և նրա շուրջ չիրականացան: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, նույնիսկ ՌԴ կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության պաշտոնական ճանաչումից հետո, գերադասեցին ձեռնպահ մնալ սուր առճակատումից Մոսկվայի հետ: Կրեմլին այդքան մտահոգող ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք ու Վրաստանի անդամակցությունն այդ դաշինքին (ընդ որում տարբեր հայտարարություններում կոնկրետ ժամկետներ էին նշվում՝ 2006, հետո 2007 թվական), կարծես, կորցրել են սրությունը:

«Մոսկվայի համար իրավիճակի նման բարենպաստ զարգացման պատճառ հանդիսացան մի շարք գործոններ: Եվ 2008 թ. Վրաստանի համար տխուր վախճանով իրադարձությունները, և իշխանափոխությունն ԱՄՆ-ում, և համաշխարհային ճգնաժամը, որը ցավոտ ազդեցություն ունեցավ ԵՄ և ԱՄՆ վրա: Արդյունքում իրավիճակը Հարավային Կովկասում Մոսկվայի համար բավականին բարենպաստ եղավ ու Մոսկվան ամրապնդեց իր դիրքերն այդ տարածաշրջանում: Այդ խնդրի կատարման գլխավոր միջոց հանդիսացավ ֆինանսական աջակցության համադրումը ռուսական ռազմական ներկայության ամրապնդման հետ:

Առավել բարդ են ՌԴ քաղաքականության համար Հարավային Կովկասում արտաքին գործոններն ու գործընթացները, որոնք կարող են ունենալ ամենատարբեր զարգացումները, և որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ ամբողջ հետխորհրդային տարածքի իրավիճակի վրա: Անորոշ են ԵՄ հետագա զարգացման և ճգնաժամից դուրս գալու հեռանկարները և այն, թե ինչպես այս կամ այն սցենարը կարող է ազդել ԱՄՆ ու ԵՄ հարաբերությունների վրա Ռուսաստանի ու Հարավային Կովկասի հետ: Թե որքան հաջող կլինեն Մաքսային միության ու Եվրասիական միության նախագծերը, որոնք հիմնականում կկանխորոշեն ռուսական քաղաքականությունը հետխորհրդային տարածքում, ցույց կտա ապագան: Նման իրավիճակում հավանական է թվում այն տարբերակը, երբ ռուսական դիվանագիտությունը Հարավային Կովկասում հիմնականում կլուծի «ընթացիկ հարցերը»՝ գերադասելով ձեռնպահ մնալ «գլոբալ բնույթի» երկարաժամկետ պլաններից, կարձագանքի իրադարձություններին, այլ ոչ թե ակտիվ կլինի իրավիճակը կանխորոշեու առումով»,-ասել է Կռիլովը:

Նա նաև նշել է, որ Հարավային Կովկասը չես համարի կայուն ու բարգավաճող տարածաշրջան: Այստեղի խնդիրների լուծմանը կարող է նպաստել անցումը մրցակցությունից, և առավել ևս առճակատումից Ռուսաստանի ու «հավաքական Արևմուտքի» միջև, համագործակցության քաղաքականությանը: «Եթե սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավվի, նոր հնարավորություններ կառաջանան քաղաքական խնդիրների լուծման համար: Մեծ դեր այստեղ կարող է ունենալ Ռուսաստանի ու Ֆրանսիայի փոխգործակցությունը: «Ֆրանսիան իր սեփական շահերն ունի Կովկասում, թեկուզ ելնելով նրանից, որ այդ երկրում, ինչպես և Ռուսաստանում, մեծաթիվ հայ համայնք կա: Վերջին երկու տասնամյակներում երկրները արժեքավոր փորձ են կուտակել Հարավային Կովկասի խնդիրների լուծման հարցում: «Ռուսաստանն ու Ֆրանսիան միջնորդներ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում և ակտիվ համագործակցում են ԵԱՀԿ ՄԽ-ում: Թեև հակամարտող կողմերի դիրքորոշումները դեռ բացառում են իրար, բանակցությունների շարունակականությունն ու հրաժարումը ռազմական գործողությունների վերսկսումից, Մինսկի խմբի անհերքելի նվաճումն է»,-ասել է Կռիլովը:

Քաղաքագետը հիշեցրել է, որ 2008 թվականին Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ակտիվ միջնորդական ջանքերը թույլ տվեցին սեղմ ժամկետում դադարեցնել ռազմական գործողությունները Վրաստանի տարածքում: Այդ դեպքում Ֆրանսիայի դիրքորոշումը շատ ավելի կառուցողական ու արդյունավետ եղավ, քան ԵՄ-ինը, և Ռուսաստանում դա բարձր գնահատեցին: Սա վկայում է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան կարող են համատեղ ջանքերով հաջողության հասնել այնտեղ, որտեղ հաճախ չեն հասնում ավելի մեծ ու «ծանրաքարշ» ձևաչափերը:

«Չնայած Մոսկվայի ու Փարիզի տարակարծություններին միջազգային շատ հարցերում, Կովկասը շարունակում է մնալ այն տարածաշրջանը, որտեղ կա իրական հնարավորություն սերտացնելու ռուս-ֆրանսիական համագործակցությունը՝ հաղթահարելու համար հակամարտությունները, կարգավորելու իրավիճակն ու լուծելու բազում խնդիրները: Նման կառուցողական համագործակցությունը կբխեր ինչպես Ռուսաստանի ու Ֆրանսիայի, այնպես էլ Հարավային Կովկասի պետությունների և այստեղ բնակվող բոլոր ժողովրդների շահերից»,-ասել է Ալեքսանդր Կռիլովը: