28 մարտի 2006 - 20:28 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Սփյուռքը պետք է համագործակցեն, ոչ թե մրցակցեն
Հայաստանի եւ Սփյուռքի համագործակցությունը անգնահատելի է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Վաշինգտոնում հայկական խնդիրներին նվիրված համաժողովի ժամանակ: Նախարարը դիմել է ԱՄՆ հայ համայնքին առաջարկելով «դառնալ Հայաստանի գործընկերը ներքին եւ արտաքին խնդիրներին դիմակայելու գործում»: Նա հիշեցրել է, որ այս տարի Հայաստանը նշում է իր անկախության 15-ամյակը: «Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի, այն անկախ է, եւ այն մերն է: Այն դեռեւս Սփյուռքի կարիքն ունի առավել, քան երբեւէ: Մենք պետք է համագործակցենք եւ ոչ թե մրցակցենք, որպեսզի մեր երազանքների Հայաստանը վերածենք մեր ապագայի Հայաստանի»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Վ.Օսկանյանը նշել է նաեւ, որ 2006 թվականի սեպտեմբերին Հայաստանում մեկնարկում է «Աղքատության վերացումը գյուղական վայրերում» ծրագիրը: Ըստ նրա, նախագիծը նախատեսվում է ներկայացնել Հայաստան-Սփյուռք հաջորդ համաժողովում: «Մինչ ներդրումներն ու աճը շոշափում են միայն Երեւանը, այս ծրագիրը կփորձի համակարգել տեղեկատվությունն այն բազում հրաշալի ու առատաձեռն ծրագրերի մասին, որոնք արդեն իսկ իրականացվում են Հայաստանի գյուղական վայրերում հայկական ու միջազգային կազմակերպությունների ու անհատների կողմից: Երկու հայից մեկը դեռեւս աղքատության մեջ է գտնվում, հիմնականում Հայաստանի գյուղական վայրերում: Աղքատության մեջ գտնվողների կեսն օրը մեկ դոլարից պակաս եկամուտ ունի»,-ասել է Վ.Օսկանյանը: «Եթե մենք ուզում ենք վստահանալ, որ գյուղական համայնքները չեն շարունակի լինել աղքատության լճացած ու մշտական օղակներ, որ հայերը աղքատության մեջ չեն ծնվի, ուրեմն չենք կարող թողնել, որպեսզի զարգացումն իր հունով ընթանա: Անգամ այս արագ տեմպերի դեպքում տասնամյակներ կպահանջվեն, նախքան մենք կհասնենք միջին եվրոպացու բարեկեցության աստիճանի: Մենք պետք է գործնական քայլեր ձեռնարկենք միջամտելու համար, գյուղական վայրերի մեր քաղաքացիներին կարճ ճանապարհով բարելավված կենսամակարդակի հասցնելու համար»,-նշել է ԱԳՆ ղեկավարը` հավելելով, որ եթե Հայաստանի կառավարությունը, երկրի գործարար շրջանակները, միջազգային հանրությունը եւ Սփյուռքը միավորվեն, ապա հնարավոր կլինի լուծել առկա խնդիրների ողջ համալիրը: