2 հոկտեմբերի 2013 - 12:16 AMT
ԱՄՆ կառավարության «խնդիրների» պատճառով այցելուների համար փակվել է նույնիսկ Ազատության արձանը

ԱՄՆ և Նյու Յորքի գլխավոր խորհրդանիշը հանդիսացող Ազատության արձանն այսօր փակվել է այցելությունների համար ԱՄՆ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով:

«Ազատության արձանն ու Էլլիս Այլենդը ժամանակավորապես փակվել են կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով: Եթե դուք արդեն գնել եք տոմսերը, կարող եք փոխանակել դրանք Նյու Յորքում շրջագայության էքսկուրսիայով»,-ազդարարում է հայտարարությունը: Էլլիս Այլենդ կղզու վրա է գտնվում Ներգաղթի թանգարանը, որը Նյու Յորքի ամենահայտնի տեսարժան վայրերից է:

Կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով փակ են նաև մյուս զբոսաշրջային տեսարժան վայրերը երկրի ողջ տարածքում՝ բոլոր ազգային զբոսայգիները, թանգարանները, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտնում է Գազետա.ռու-ն, The New York Times-ի վրա հղումով, ըստ Ազատության կղզում զբոսաշրջային բիզնեսի սեփականատեր Բրեդֆորդ Հիլլի, նա ստիպված է եղել աշխատանքից ազատել բոլոր իր աշխատակիցներին՝ շուրջ 100 հոգու, «և խորհուրդ տալ բոլորին դիմել գործազրկության նպաստի համար»:

ԱՄՆ կառավարության «խնդիրների» պատճառով փակվել են նաև Գրանդ կանյոնն ու Yellow Stone-ը:

Նյու Յորքում մոտ 70 հազար դաշնային ծառայողների իրենց հաշվին արձակուրդ են տրամադրել: Երեքշաբթի նրանք աշխատանքի են դուրս եկել մի քանի ժամով: Գերատեսչությունների կայքերում հաղորդագրություններ են զետեղվել ժամանակավորապես փակվելու մասին:

Վերջին 17 տարում կառավարության գործունեության առաջին կասեցման պատճառը ԱՄՆ բյուջետային ֆինանսավորման դադարեցումն է նոր ֆինանսական տարում, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի մասին վիճաբանությունը Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի միջև փակուղի է մտել՝ հիմնականում երկրում բուժսպասարկման նոր համակարգի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով:

Photo: all-new-york.ru