Հետաքրքիր է՝ ինչի՞ վրա է ծախսվել «Էրեբունի-Երևան 2795»-ի համար հատկացված +110 մլն-ը

Հետաքրքիր է՝ ինչի՞ վրա է ծախսվել «Էրեբունի-Երևան 2795»-ի համար հատկացված +110 մլն-ը

PanARMENIAN.Net - Մի քանի օրից՝ հոկտեմբերի 11, 12-ին, մեր սրտի մայրաքաղաքը կնշի իր 2795-րդ «Էրեբունի-Երևան»-ը, որի վերաբերյալ էլ այսօր քաղաքապետարանում ասուլիս էր հրավիրվել։ Բանախոսը փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն էր, ով ներկայացրեց այս տոնակատարության մանրամասները։ Կարծում եմ, նախորդ տարվա 90 մլն-ից հետո շատերն էին սպասում, երբ կհայտարարվի, թե ինչքան գումար է հատկացվել միջոցառումների կազմակերպման ու անցկացման համար այս տարի։ Այդպես էլ եղավ․ Արամ Սուքիասյանը հայտարարեց՝ մոտ 200 մլն դրամ, չմոռանալով նշել, որ գումարի 90 մլն-ը (նույն նախորդ տարվա թիվը, ի դեպ) տրամադրվել է համայնքային բյուջեից, իսկ մնացած մասը հավաքագրվել հովանավորների շնորհիվ: Ինչպես հիշում եք, նախորդ տարի, երբ հայտարարվեց, որ միջոցառումների կազմակերպման վրա 90 մլն է ծախսվել, հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացավ։ Շատերը դժգոհում էին, որ այդ գումարը կարելի էր ծախսել ավելի կարևոր խնդիրների լուծման վրա։

Վերադառնանք նախորդ տարվա 90 մլն-ից երկու անգամ ավելի կազմած այսօրվա 200 մլն-ին։ Որոշեցինք համեմատել նախորդ ու այս տարվա միջոցառումների ցանկը։ Պարզեցինք, որ միջոցառումների մեծամասնությունը նույնն է, որոշ դեպքերում անունների մի փոքր փոփոխությամբ (ծանոթանալ ամբողջական պատկերին կարող եք մեր ֆեյսբուքի էջում՝ անցնելով ներքևում նշված հղումով)։ Այսպիսով, այս տարի ավելացել է 9 նոր միջոցառում, իսկ 2012-ի միջոցառումներից 5-ը նոր ցանկից հանվել են։ Ցանկում նշված չէ նաև հրավառությունը, որը, սովորաբար, հաջորդում է գալա-համերգներին։ Ի դեպ, ասուլիսին Արամ Սուքիասյանը չի նշել, թե ինչ կատարողներ են հրավիրվել արտերկրից՝ նախընտրելով «հաճելի անակնկալ մատուցել» հանրությանը։ Նշվել է նաև, որ տոնակատարությանը 17 երկրից 30-ից ավելի պատվիրակություն է մասնակցելու, ինչն աննախադեպ թիվ է։ Փոխքաղաքապետը խոսել է նոր միջոցառումներից մի քանիսից՝ օրինակ, «Ավելի լավ Երևան» խորագրով քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսից կամ Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառումից։ Ի դեպ, որպես նոր ցուցադրություն է նշվել մետրոյի մի քանի կայարաններում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 21-ին բացված «Երևան. հայացք XXI-րդ դարից» լուսանկարչական ցուցահանդեսը, որը քաղաքապետարանի ցանկում նշված է «Հին Երևան. հայացք ապագայից» անվանմամբ։

Ամեն դեպքում, մի փոքր դժվարանում ենք պատկերացնել, որ ավելացած 9 նոր միջոցառման համար 90 մլն-ից բացի ևս մոտ 110 մլն էր անհրաժեշտ, այդ պատճառով էլ հարցումով դիմել ենք քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել 2795-րդ «Էրեբունի-Երևանի» տոնակատարության միջոցառումների նախահաշիվը: Պատասխանը ստանալուն պես խոստանում ենք տեղյակ պահել նաև մեր ընթերցողներին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---