ԱՄՆ պարտքային ճգնաժամը վտանգում է համաշխարհային տնտեսությունը. Օբաման հետաձգել է ուղևորությունն Ասիա

ԱՄՆ պարտքային ճգնաժամը վտանգում է համաշխարհային տնտեսությունը. Օբաման հետաձգել է ուղևորությունն Ասիա

PanARMENIAN.Net - Այն, որ հնարավոր չէ բարձրացնել ԱՄՆ արտաքին պարտքի «վերին շեմը», ավելի մեծ սպառնալիք է համաշխարհային տնտեսությանը, քան այժմյան կառավարական ճգնաժամը, գտնում է ԱՄՀ կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը: Ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում՝ Լագարդն ասել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է շտապ բարելավի ֆինանսական իրավիճակը երկարաժամկետ հեռանկարով: Նա նշել, որ արտաքին պարտքի վերաբերյալ համաձայնությունը «չափազանց կարևոր է», հայտնում է BBC-ն:

ԱՄՆ գանձապետարանը հաստատել է Լագադրի եզրակացությունները: Ֆինանսների նախարարությունը գտնում է, որ ԱՄՆ էկոնոմիկայի դեֆոլտը, որ համաձայնության բացակայության պայմաններում կարող է տեղի ունենալ արդեն հոկտեմբերի 17-ին, կարող է հանգեցնել նրան, որ «վարկային շուկաները կսառեցվեն, դոլարը կարժեզրկվի, իսկ տոկոսադրույքներն ԱՄՆ-ում կբարձրանան: Ինչպես նշում են մասնագետները, տնտեսական վնասը կզգացվի տասնամյակներ շարունակ, ավելի լուրջ հետևանքներ ունենալով, քան 2007-2009 թթ ռեցեսիան:

Ստեղծված իրավիճակում նախագահ Օբաման չեղյալ է հայտարարել նախատեսվող շրջագայությունն Ասիայի երկրներով, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Հանդիպումները Ինդոնեզիայի ու Բրունեյի ղեկավարների հետ հետաձգվել են, 2014 թ. բյուջեի շուրջ տարաձայնությունների պատճառով, որի հետևանքով կառավարական հաստատությունների մեծ մասը դադարեցրել էր աշխատանքը հոկտեմբերի 1-ից: Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ հանգամանքները պահանջում են, որ նախագահը չբացակայի երկրից:

Սա նշանակում է, որ ասիական շրջագայությունն ամբողջապես չեղյալ է համարվում: Ավելի վաղ հետաձգվել էին նաև այցերը Մալայզիա և Ֆիլիպիններ, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---