ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խախտումներ է գրանցել Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրարշավում

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խախտումներ է գրանցել Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրարշավում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում նախընտրական արշավի շրջանակներում երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևին շատ ավելի մեծ ուշադրություն է հատկացվում լրատվական հաղորդումներում, քան մյուս թեկնածուներին: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության թիվ 2 միջանկյալ զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ նորությունների հսկայական քանակություն նվիրված էր Իլհամ Ալիևի մասնակցությանն այս կամ այն միջոցառումներին, գրում է «Թուրան» գործակալությունը:

Բացի այդ դիտորդական առաքելությունը 21 քարոզչական միջոցառման մոնիտորինգ է անցկացրել, որից 17-ը եղել է գործող նախագահի օգտին: «Գրանցվել է իշխող կուսակցության հանրահավաքներին մասնակցության պարտադրման երեք դեպք»,-ասվում է զեկույցում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտարկել է «Ենի Ազերբայջան» կուսակցության հանրահավաքները սեպտեմբերի 20-ին և 23-ին՝ նշելով, որ մասնակիցներին չի թույլատրվել հեռանալ հանրահավաքից մինչ ավարտը: Սեպտեմբերի 25-ին Մինգյաչեվիրում դասախոսները կարգադրել են ուսանողներին ներկա գտնվել իշխող կուսակցության հանրահավաքին և չհեռանալ մինչ ավարտը:

Ըստ միջանկյալ զեկույցի, ընտրարշավը սեպտեմբերի 13-26-ն ընդհանուր առմամբ հանգիստ է անցել, սակայն մթնոլորտը ստվերվել է որոշ քաղաքական գործիչների ընտանիքների անդամներին վիրավորելու պատճառով: Կազմակերպությունը նաև արձանագրել է բովանդակային բանավեճի բացակայությունը ընտրարշավում, որն ավելի շատ կառուցված է անձերի շուրջ, ոչ թե կոնկրետ քաղաքական պլատֆորմների վրա:

Նախագահական ընտրություններն Ադրբեջանում կանցնեն 2013 թվականի հոկտեմբերի 9-ին: Նախորդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 15-ին: Գործող նախագահ Իլհամ Ալիևն այդ պաշտոնում արդեն երկու ժամկետ է պաշտոնավարել՝ 2003 թվականից ի վեր: 2009 թվականի մարտին Ադրբեջանում հանրաքվե անցկացվեց սահմանադրության ուղղումների մասին, որով չեղյալ հայտարարվեցին սահմանափակումները նախագահի համար, որն այժմ կարող է պաշտոնավարել երկու ժամկետից ավելի: Վենետիկի հանձնաժողովն այդ առնչությամբ հայտարարել է, որ «դա գնահատվում է որպես նահանջ ժողովրդավարության զարգացման գործում»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---