29 մարտի 2006 - 19:54 AMT
Դարտմուտի կոնմֆերանսը առաջարկում է ղարաբաղյան հարցը կարգավորել «քայլ առ քայլ» սկզբունքով
Տարածաշրջանային հակամարտությունների Դարտմուտի կոնֆերանսի աշխատանքային խումբը` ամերիկացի եւ ռուս դիվանագետներ Հարոլդ Սոնդերսը(ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Կիսինջերի տեղակալ) եւ Վիտալի Նաումկինը(ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն) մշակել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակային համաձայնագրի նախագիծ: Հ Սոնդերսի բառերի համաձայն, փաստաթուղթը կազմվել է աշխատանքային խմբի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրությունների հետ ունեցած ինը հանդիպումների արդյունքների հիման վրա: Հանդիպումները անցկացվել են 2001 թվականի հոկտեմբերից: «Փաստաթղթի հիմնական գաղափարը խաղաղ կարգավորկման հասնել «քայլ առ քայլ», որը օգտագործվել է մերձարեւելյան կարգավորման քեմփ-դեւիդյան գործընթացում»,- նշել է ամերիկացի դիվանագետը: Սոնդերսը գտնում է, որ խաղաղ գործըթացի տրամաբանությունը հակամարտող ժողովուրդների հարաբերությունների փոփոխության կարիք ունի, առանց որի կառավարությունները չեն կարող բանակցությունների ժամանակ արդյունքների հասնել:

«Շրջանակային համաձայնագրի առաջարկը հանդիսանում է փուլային տարբերակի մոդիֆիկացիա: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լրիվ կարգավորումը, այսինքն վերջնական խաղաղ համաձայնագրի կնքումը, հնարաավոր է խաղաղ գործընթացի արդյունքների հիման վրա, որի հետեւանքով կփոխվեն հակամարտող ժողովուրդների հարաբերությունները: Իսկ դրան կարելի է հասնել մի շարք փոխ կապակցված համաձայնագրերի շնորհիվ: Յուրաքանչյուր համաձայնագրի կատարումը պայմաններ է ստեղծում մյուս համձայնագրի կնքման համար: Համաձայնագրերի կատարումը նոր հիմքեր է ստեղծում բանակցությունների համար եւ բարձրացնում է վստահության մակարդակը խաղա գործընթացում,- ասել է փաստաթղթի երկրորդ հեղինակ Վիտալի Նաումկինը: Նա նշեց, որ խոսքը գնում է միջանկյալ համաձայնագրերի մասին, որոնք վերաբերվում են զորքերի հեռացմանը, գաղթականների վերադարձին, անվտանգության հարցերի կարգավորմանը: «Ընդ որում, ենթադրվում է Լեռնային Ղարաբաղին տրամադրել «միջանկյալ կարգավիճակ», որպեսզի իրականացվեն համաձայնությունները»,- նշել է ռուս դիվանագետը:

Նշենք, որ Դարտմուտի կոնֆերանսը սկսել է գործել անցյալ դարի 60-ական թվականներից` տարածքային հակամարտությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ ընդհանուր դիրքերի մշակման համար: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ կոնֆերանսի համանախագահներ են հանդիսանում ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը: