7 հոկտեմբերի 2013 - 16:44 AMT
Սիմֆերոպոլում ձախողվել է իսլամիստական համաժողովը

Սիմֆերոպոլում ձախողվել է միջազգային իսլամիստական համաժողովը, որի կազմակերպիչն է «Հիզբ ուտ Թահրիրը», հայտնում է «Ղրիմի թաթարական հարցն online»-ը:

Միջոցառումը պետք է տեղի ունենար Ղրիմի ակադեմիական ուկրաինական երաժշտական թատրոնի շենքում, սակայն աշխատակազմը վերջին պահին խզել է վարձակալության մասին պայմանագիրը: Հոկտեմբերի 7-ի առավոտյան Լենինի անվան հրապարակում շենքի մոտ հավաքվել են համաժողովի 300-1000 հասնող մասնակիցները: Նրանք հանդես են եկել մեղադրանքներով Ուկրաինայի իշխանությունների հասցեին:

«Հիզբ ուտ Թահրիրի» ուկրաինական գրասենյակի մտադրության մասին Սիմֆերոպոլում հայտնի դարձավ հոկտեմբերի սկզբին: Համաժողովի մասնակիցները մտադիր էին պատմել իսլամիստական կազմակերպության գործունեության մասին հետխորհրդային տարածքում:

Ավելի վաղ հոկտեմբերի 5-ին Սիմֆերոպոլում ձախողվել է Մահմեդական կանանց «Ինսաֆ» լիգայի խորհրդաժողովը, հայտնում է Lenta.ru-ն:

«Հիզբ ուտ Թահրիրը»՝ «Ազատագրման իսլամական կուսակցությունը», հիմնվել է 1953 թվականի Արևելյան Երուսաղեմում շարիաթի դատավոր Թաքուիդդին ան Նաբհանիի կողմից:

Միջին Ասիայի մի շարք երկրներում, Գերմանիայում ու Ռուսաստանում կազմակերպությունը համարվում է ահաբեկչական: ԱՄՆ-ում այն մինչ օրս չի դասվում ահաբեկչականների շարքին: Ուկրաինայում այն պաշտոնապես չի գրանցված, սակայն այդ կուսակցության գաղափարները քարոզում են մի շարք մահմեդական համայնքներ ու «լուսավորչական կազմակերպություններ»: Իսլամիստներն ակտիվ են գործում Ղրիմում: Վերջին խոշոր հանրահավաքներից մեկը Սիմֆերոպոլում նվիրված էր Խալիֆայության փլուզման 89-ամյակին: Հունիսի 6-ի ակցիային մասնակցել է մոտ երկու հազար մարդ:

Ան Նաբհանիի մահից հետո կազմակերպությունը 1977 թ. գլխավորեց պաղեստինցի Աբդուլ Քադիմ Զալումին: Զալումիի մահից հետո 2003 թվականին այն գլխավորեց Ատա Աբու Ռաշիդը: