The Los Angeles Times. Ամերիկացիներն ավելի լավ կարծիքի են վհուկների մասին, քան Կոնգրեսի

The Los Angeles Times. Ամերիկացիներն ավելի լավ կարծիքի են վհուկների մասին, քան Կոնգրեսի

PanARMENIAN.Net - «Հասարակական կարծիքի հարցումներն այս փուլում միանգամայն հետևողական արդյունքներ են ցույց տալիս՝ ամերիկացիները դժգոհ են բյուջեի հետ կապված պատմությունից ու պետհաստատությունների փակվելուց, բայց ավելի շատ զայրանում են հանրապետականների, քան ժողովրդավարների վրա»,-գրում է The Los Angeles Times-ը:

Սակայն Public Policy Polling կատակ-հարցումը մի քայլ առաջ է անցնում՝ հեղինակները հարցնում են մարդկանց նրանց նախապատվությունների մասին, պարզելով, թե ինչն է նրանց համար առավել համակրելի՝ Կոնգրեսը թե հայտնի մարդիկ, սերիական մարդասպանները, հիվանդությունները կամ շատերի համար ատելի պետական հաստատությունները, նշում է հոդվածի հեղինակ Ռոբին Աբգարյանը:

Պարզվել է, որ ամերիկացիներն ավելի լավ կարծիքի են վհուկների մասին, քան Կոնգրեսի (հարցավածների 46 տոկոսը 32 տոկոսի դիմաց), թութքի (53 տոկոսը 31-ի դիմաց) և երդվյալ ատենակալների պարտականությունների մասին (73 տոկոս 18-ի դիմաց): Նույնիսկ պետական գերատեսչությունները, ինչպիսիք են պետավտոտեսչությունն ու հարկային ծառայությունը, ավելի շատ համակրանք են առաջացնում մարդկանց մոտ, քան Կոնգրեսը՝ 58 տոկոսը 24 տոկոի, 42 և 33 տոկոսի հարաբերակցությամբ:

Սակայն, ըստ հարցման, ամերիկացիները Կոնգրեսին ավելի լավ են վերաբերվում, քան Պուտինին և մարդասպան Չարլզ Մենսոնին: Վերջին 17 տարում առաջին անգամ ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցման պատճառը բյուջետային ֆինանսավորման դադարեցումն է նոր ֆինանսական տարում, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի մասին վեճերը Սպիտակ տան ու Կոնգրեսի միջև փակուղի են մտել, հիմնականում երկրում բուժծառայության նոր համակարգի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Պետծառայությունների shutdown-ը (անջատումը) սկսվել է հոկտեմբերի լույս 1-ի գիշերը: Տարաձայնությունների կարգավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է, երբ ԱՄՆ պետպարտքը կհասնի Կոնգրեսի հաստատած վերին շեմին: Եթե այդ վերին շեմը չավելացվի, ԱՄՆ կառավարությունը չի կարողանա վճարել պարտքերը և ստիպված կլինի սնանկ հայտարարել իրեն:

Մոտ 800 հազար պետծառայողներ պարտադրված արձակուրդում են: IHS ընկերությունն ամենօրյա վնասը գնահատում է 300 մլն դոլար: Ըստ Սպիտակ տան, ԱՄՆ տնտեսությունը շաբաթական 10 մլրդ դոլար կկորցնի:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է, որ հոկտեմբերի 17-ին գերատեսչության հաշվիների վրա կմնա 30 մլրդ դոլար, այն դեպքում, երբ ամենօրյա ծախսերը կազմում են 60 մլրդ դոլար: Մինչ այդ ժամկետը օրենսդիրները պետք է պայմանավորվեն պետպարտքի շեմի բարձրացման մասին:

Վերջին անգամ ԱՄՆ-ում դեֆոլտ է հայտարարվել 1790 թվականին, երբ պարտքի մարումները հետաձգվեցին մինչև 1801 թվական:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---