10 հոկտեմբերի 2013 - 11:28 AMT
ԱՄՆ ՌԴԾ և ֆինանսների նախարարությունը պատրաստվում են մասնակի դեֆոլտի

ԱՄՆ Ռեզերվային դաշնային ծառայությունն ու ֆինանսների նախարարությունը պատրաստվում են մասնակի դեֆոլտի, եթե Կոնգրեսը հրաժարվի բարձրացնել պետական պարտքի շեմը մինչև հոկտեմբերի 17-ը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ իրազեկ աղբյուրի վրա հղումով:

ՌԴԾ և ֆինանսների նախարարության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ռեպո շուկայի՝ կարճ ժամկետով միջբանկային վարկավորման վրա, որը հաճախ տրվում է պետական արժեթղթերի գրավի դիմաց: Շուկաները դեռ չեն հավատում դեֆոլտի հնարավորությանը, սակայն տոկոսադրույքները որպես գրավ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի դիմաց աճել են, հասնելով 5-ամսյա մաքսիմումի: Եթե Ռեպո 5-տրիլիոնանոց շուկան դժվարություններ ունենա, բանկերը կարող է լիկվիդայնության հետ կապված խնդիրներ ունենան, իսկ դա, իր հերթին, բացասական հետևանքներ կունենա ողջ տնտեսության համար:

Եթե փոխառությունների լիմիտը չընդլայնվի, ԱՄՆ-ն չի խուսափի դեֆոլտից, մասնավորապես վճարումների բարդ համակարգի պատճառով: Ֆինանսների նախարարությունն ամեն ամիս 80 մլն դոլար է վճարում պարտքի դիմաց:

Թե ինչ պլաններ են պատրաստում ՌԴԾ-ն ու ֆինանսների նախարարությունը, չի ասվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: ԱՄՆ պետպարտքն արդեն հասել է վերին շեմին, որը հաստատվել էր մայիսին 16,7 տրլն դոլարի չափով: Աշխարհի խոշորագույն տնտեսության անկումը կապակայունացնի ֆոնդային հարթակները Բրազիլիայից մինչև Ցյուրիխ, ինչպես նաև կսառեցնի վարկավորման ծրագիրը, որը կախված է ԱՄՆ պետական թղթերից: ԱՄՆ դեֆոլտի վերջնական արդյունքը կլինի դոլարի անկումը և, որպես հետևանք, համաշխարհային տնտեսության ռեցեսիան, իսկ հետո դեպրեսիան:

Միաժամանակ Սպիտակ տունը քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Բեյներին Բարաք Օբամայի հետ առաջիկա հանդիպման մասնակիցների քանակը սահմանափակելու համար: «Նախագահը հիասթափված է, որ խոսնակ Բեյները թույլ չի տվել բոլոր հանրապետական պատգամավորներին գնալ Սպիտակ տուն,-հայտարարել է նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:-Նախագահը կարծում էր, որ շատ կարևոր է անձամբ զրուցել այն մարդկացն հետ, ում որոշումները ճգնաժամի պատճառ դարձան»:

Նախօրեին Օբաման հրավիրել էր Կոնգրեսի հանրապետականներին հանդիպման՝ քննարկելու համար ելքը բյուջետային ճգնաժամից: Սակայն խոսնակը գերադասեց սահմանափակել մասնակիցների քանակը:

Եթե արտաքին պարտքի վերին շեմի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չբերվի, ԱՄՆ-ին դեֆոլտ է սպառնում արդեն հոկտեմբերի 17-ին: Միևնույն ժամանակ փորձագետների մեծ մասը դա քիչ հավանական է համարում՝ ենթադրելով, որ նախագահն ու հանրապետական մեծամասնությունը համաձայնության կգան: