10 հոկտեմբերի 2013 - 13:36 AMT
ԿԱՐԾԻՔ
Ադրբեջանցի ու թուրք պատմաբանները զբաղված են սեփական պատմությունը հորինելու անշնորհակալ գործով

Ադրբեջանի պատմության կեղծարարության արմատներն որոնելու համար հարկավոր չէ հեռու գնալ՝ բավական է հիշել Թուրքիայի օրինակը: Ինչպես հայտնում է Անատոլիական գործակալությունը, վարչապետ Էրդողանը Արդարության ու զարգացման կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովին հայտարարել է. «Վանի Աղթամարի եկեղեցին մենք ենք կառուցել ու բացել: Տարսոնի եկեղեցին ու Սումելի վանքը նույնպես մենք ենք բացել»: Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են, եթե հաշվի առնել, որ Թուրքիայի տարածքում գտնվող ոչ մի հայկական հուշարձանի ցուցանակի վրա չի հիշատակվում հայերի մասին: Վանի ամրոցի վրա Աթաթուրքի դիմանկարն է և տեղացի տղաները, որոնք մի երկու բառ են սովորել անգլերեն, «բացատրում են» զբոսաշրջիկներին, որ Վանն Աթաթուրքն է հիմնադրել: Ընդ որում հարցին, թե երբ է ապրել Աթաթուրքն ու երբ հիմնվել Վանի ամրոցը, նրանք պատասխանեցին, որ չգիտեն:

Չկա ոչ մի հիշատակություն, որ Անին հիմնադրած Սմբատ Բագրատունին հայ էր: Ուղղակի նշված է, որ դա…օսմանյան ճարտարապետության հուշարձան է: Հազիվ թե Էրդողանը տեղյակ չէ, թե ով է կառուցել Կարսը, Էրզրումը, Բայազետը, մյուս քաղաքները: Ինչպես բազմիցս ենք գրել, օտար մշակույթի յուրացումը բնական է քոչվորների համար, որոնք ունակ չեն ստեղծելու սեփական մշակույթը: Իրոք, ինչ պահանջես նրանցից, երբ իրենց ճարտարապետական մտածողության գագաթնակետը յուրտն է: Ոչ մի դեպքում չնսեմացնելով այս կամ այն ժողովրդի արժանիքները, նշեմ, որ օտար մշակույթի ավերումն ու յուրացումը ազգի համընդհանուր դեգրադացիայի է հանգեցնում:

Եվ հատուկ Էրդողանի համար՝ Վանի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցին կառուցել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելը 915-921 թթ.: Սբ Խաչ եկեղեցին վերանորոգվեց ու այցելուների համար բացվեցորպես թանգարան, իսկ 2010 թվականից տարին մեկ այնտեղ թույլատրվում է պատարագ մատուցել: Հավանաբար, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերը պետք է շնորհակալ լինեն թուրքական կառավարությանը ինչպես Աղթամարի Սբ Խաչի, այնպես էլ Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու վերականգնման համար: Նման հայտարարություններից հետո Էրդողանի «երկրի ժողովրդավարացման փաթեթը» մի գրոշի արժեք անգամ չունի:

Թուրքերը շատ բան ունեն յուրացնելու՝ հունական, ասորական, անտիկ դարաշրջանի հուշարձանները, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Նույն Տրոյան, Նոյ նահապետի գերեզմանը, Հին Հունաստանի ու Միկենի ամբողջ մշակույթը շատ շուտով օսմանական կհռչակվեն: Ինչպես և հայ արքաները, Կիլիկիայի Հայկական թագավորության տիրակալներին ներառյալ: Բայազետի հարևանությամբ են գտնվում Արշակունիների Դարոյինք ամրոցի ավերակները: Արարատի մասին, որը թուրքերը Աղրիդաղ են կոչում, էլ չենք ասում: Այնպես որ, զարմանալի չէ, որ Ադրբեջանի պաշտոնական պատմագրությունը մերժում է հայերի բնիկ ժողովուրդ լինելը:

Թուրք և ադրբեջանցի «պատմաբաններին» կարելի է միայն ցավակցել՝ նրանք ստիպված են ոտքի վրա սեփական պատմությունը հորինել, իսկ դա երբեք լավ բանի չի բերում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net